Երևանյան առաջին լիմոնադը... Երևանում զովացուցիչ ըմպելիքների «Լաստո» գործարանը հիմնել է 1892 թ. Խաչատուր Գիլանյանը (նկարում)՝ այն առաջին լիմոնադի գործարանն էր ներկայիս Հայաստանի տարածքում: Արտադրությունը տեղակայված էր Նալբանդյան (Վ.Սարգսյան) փողոցի, 20/ա հասցեում, Սպայի տան շենքի մոտ: Ներկայումս շենքը ապամոնտաժվել է և տեղում այլ շենք են սարքել: Գործարանը արտադրում էր գազավորված լիմոնադներ «Սիտրո», «Վեներա» և «Կոֆե», մրգային հյութեր, հանքային ջրեր և ոչ ոգելից այլ ըմպելիքներ: Գիլանյանի արտադրանքը ստացել է բարձր պարգևներ միջազգային ցուցահանդեսներում՝ 1897-ին Կիեւում և 1898-ին Պրահայում: 20-րդ դարասկզբին գործարանը ընդլայնվում է, և անգամ մասնաճուղ է բացվում Թիֆլիսում:

Խաչատուր Գիլանյանը ծնվել է Երևանում 1864 թ., սովորել Երևանի գիմնազիայում, հետո՝ Էջմիածնի ճեմարանում, իսկ մասնագիտական հմտությունները ստացել է՝ աշխատելով Բաթումում գործող Ծովյանների լիմոնադի գործարանում: Հետաքրքիր է, որ Երևանում Գիլանյանի գործարանը շարունակել է աշխատել նաև խորհրդային տարիներին: 1921-ին այն ազգայնացվել է, իսկ 1925-ից վերակազմավորվել արդեն որպես Երևանի լիմոնադի գործարան: Գիլանյանը աշխատանքի է անցնում իր իսկ սեփական գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման սովորական մասնագետ և աշխատում այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ 1932 թ.:

Ռուբեն Շուխյան-Facebook