1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսում էր քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատում։ Քաղաքի առանցը հանդիսացավ այն ժամանակվա Երևանի ամենաերկար փողոցը՝ որը կոչվում էր Ամրոցային (Կրեպոստնայա): 1869 թ. ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի այն ստանում է Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը:

Փողոցը դառնում է քաղաքի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը, որի հորինվածքային դոմինանտներն էին Սուրբ Պողոս-Պետրոս (5-րդ դ., չի պահպանվել, ներկայիս կինո «Մոսկվայի» տեղում) և Սուրբ Աստվածածին (13-րդ դ.) եկեղեցիները։ Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչներն ապրում էին այս և հարակից փոքր փողոցների վրա։ Աստաֆյանն առանձնանում էր նաև այն ժամանակվա համար եզակի եվրոպական խանութներով, այդ թվում` Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը և Եգոր Խանզադյանցի կտորեղենի և գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը։ Արդեն 1920 թվականին Աստաֆյան փողոցը վերանվանվեց ի պատիվ Խաչատուր Աբովյանի՝ Աբովյան:

Քանի որ այս փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը՝ ժամանակին երևանցիները «Պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին հենց Աստաֆյանը: Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆյան փողոցի վերին մասն էր: Ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է նրա արձանը: «Պլանի գլխով» էլ, փաստորեն, վերջանում էր հին Երևանը:
Աստաֆյանը հենց սկզբից դարձավ քաղաքի ամենաաշխույժ և մարդաշատ փողոցը: Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում մինչև «Պլանի գլուխ»: Երկրորդ գիծը սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան: Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906-ին:

Ռուբեն Շուխյան-Facebook