Հայկական կոնյակը 20-րդ դարասկզբին... Դեռեւս 1887 թ. հիմնադրված Երևանի կոնյակի գործարանը՝ 1899 թ. սեփականատեր Ներսես Թաիրյանը ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում է «Նիկոլայ Շուստով եւ որդիներ» ընկերությանը: Նոր սեփականատերերը կարողանում են կարճ ժամանակամիջոցում արդիականացնել եւ ընդլայնել կոնյակի արտադրությունը Երեւանում: Այս հարցում կարեւոր նշանակություն ունեցավ նաեւ Մկրտիչ Մուսինյանի՝ Երևանի կոնյակի գործարանի կառավարիչ դառնալը: Մուսինյանը գինեգործության ու կոնյակի արտադրության գծով բարձրագույն կրթություն էր ստացել Ֆրանսիայում եւ հիանալի տիրապետում էր կոնյակի արտադրության տեխնոլոգիաների բոլոր մասնագիտական նրբություններին:

Այդպես սկսվում է հայկական կոնյակագործության նոր վերելքը, և շատ արագ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը հասնում է եւրոպական բարձր չափանիշների մակարդակի՝ ստանալով բազմաթիվ պարգեւներ միջազգային տարբեր ցուցահանդեսներում:

Նկարում պատկերված է 20-րդ դարասկզբի շիշ, որի պիտակի վրա գրված է. "Золотая марка. Натуральный Кавказский Коньяк. Товарищество Н.Л.Шустов с С-ми в ЭРИВАНИ". Ներկայացված է նաեւ գովազդ՝ 1901 թ. Գլազգոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում բարձրագույն պարգեւին արժանանալու վերաբերյալ: Հաջորդը մի հուշանվերային մոխրաման է` Շուստովի ընկերության հանրահայտ զանգ-լոգոյով: Հուշանվերի վրա կայսերական զինանշանի տակ գրված է. «Կայսերական արքունիքի մատակարարներ, 1912 թ.» ("Поставщики Двора Его Императорского Величества, 1912 г."). Ի դեպ, նույն այդ գրությունն ու կայսերական զինանշանն է պատկերված նաեւ շշի կլոր պիտակի վրա:

Ռուբեն Շուխյան-Facebook