2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:50-ին, Շտապօգնության թիվ 2 ենթակայանից ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտ դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու 47/7 հասցեում գտնվող ՍՊԸ-ի մետաղյա իրերի պատրաստման արտադրամասի հետնամասի հարևանությամբ գտնվող ամայի տարածքում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կատարված քննությամբ պարզվել է տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ, 1937թ. ծնված Սերյոժա Վահանի Անտոնյանը, նա 5 օր համարվում էր անհետ կորած: Վերջինիս կնոջ մասնակցությամբ կատարվել է դիակի ճանաչում։

Կնոջ հայտնած տեղեկությունների համաձայն՝ ամուսինն ունեցել է հիշողության կորուստ, 2015 թվականի հոկտեմբերի 22-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել, ինչի վերաբերյալ հաղորդում էր ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառները պարզելու համար։