Առաջին մանկական սրճարանը Երևանում... 1960-ականների թերթից վերցված այս լուսանկարում պատկերված է «Հեքիաթ» մանկական սրճարանը: «Հեքիաթ»-ը, որը գտնվում էր Թումանյան փողոցի թիվ 19 շենքի (Թումանյան-Աբովյան խաչմերուկի մոտ) առաջին հարկում` Երևանի առաջին մանկական սրճարանն էր: Այժմ այդ նույն սրահում է տեղակայված «Կարաս» սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը: 60-ականների սկզբից, երբ Երևանում արդեն սկսեցին ձևավորվել մեծ քաղաքի ավանդույթները և արագությամբ բացվեցին նոր սրճարաններ` նրանց թվում էր նաև «Հեքիաթ» մանկական սրճարանը:

Սրճարանի ներքին ձևավորումն արված էր տարբեր հեքիաթների դրվագների և հերոսների պատկերների հիման վրա: Սեղաններն ու աթոռները հիմնականում ցածր էին` որովհետև սրճարանն ի սկզբանե նախատեսված էր եղել մանկահասակ երեխաների համար (որոնք բնականաբար սրճարան էին այցելում իրենց ծնողների հետ) և գործում էր մինչև երեկոյան ժամը 6-ը: Կար մի այսպիսի հետաքրքիր ավանդույթ. մոտակա դպրոցների ցածր դասարանների աշակերտները սրճարան էին գալիս դասարան առ դասարան` իրենց ուսուցիչների ուղեկցությամբ:

Սրճարանի մենյուն` խորհրդային ժամանակաշրջանի ստանդարտ «փաթեթն» էր. վերմիշել, մակարոն, հնդկաձավար (գրեչկա), կարտոֆիլ, երշիկ, նրբերշիկ, կարկանդակ: Ըմպելիքներից` տաք կակաո, լիմոնադ, դեղձի կամ լոլիկի հյութ: Սրճարանում կար դաշնամուր, և ընդունված էր նաև կազմակերպել այստեղ երեխաների ծնունդները: «Հեքիաթ» սրճարանի աջ կողմում այն ժամանակ գտվում էր Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հին շենքը (ներկայումս այնտեղ ուրիշ շենք է կառուցված), իսկ ձախից` երեխաների շատ սիրված նամականիշերի խանութն էր:

«Հեքիաթ» սրճարանը գործեց մինչև 80-ականների վերջը: Թերևս հետաքրքիր կլինի նաև նշել, որ 60-ականներին իրենց ծնողների հետ այդ սրճարան հաճախած սերունդը` 80-ականներին հասցրեց այնտեղ տանել արդեն իրենց զավակներին: Այսպիսի մի փոքր դրվագ մեր անցյալից, որից իհարկե պետք է հիշել ու պահպանել այն ամենը, ինչ լավն էր, բարի և լուսավոր:

Ռուբեն Շուխյան՝ ֆեյսբուք