Հայ առաջին կինոդերասանն ու Երևանի պարետը... Արշավիր Շահխաթունի (Արշո Շահխաթունյան, 1885, Երևան - 1957, Փարիզ)` հայ առաջին կինոդերասանը, որը նկարահանվել է գեղարվեստական համր ֆիլմում դեռևս 1913 թվականին: Զինվորական և դերասան, զարմանալի ճակատագիր ունեցող Արշավիր Շահխաթունու մանկությունը անցել է Երևանում, Վաղարշապատում և Ալեքսանդրապոլում: Նրա հայրը, Վաղարշակ Շահխաթունյանը, ունեցել է գնդապետի կոչում, պաշտոնյա է եղել Ալեքսանդրապոլի գավառում, բայց միաժամանակ եղել է նաև ճանաչված դերասան ու հանդիսացել Վաղարշապատի թատրոնի հինադիրը: Արշավիր Շահխաթունին սովորել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանում, և հենց Թիֆլիսում էլ նա կատարել է իր առաջին դերասանական փորձերը: Հետագայում Շահխաթունին ստիպված է լինում թողնել իր ռազմական կարիերան, քանի որ 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Բաքվում նա հրաժարվեց կատարել վերադասի հրամանը` կրակել իր հայրենակիցների վրա:

Բաքվում Շահխաթունին արդեն հիմնովին զբաղվում է իր համար հոգեհարազատ դերասանի մասնագիտությամբ` մասնակցելով հայկական թատերախմբերի տարբեր ներկայացումներին: Այդ խմբերը հաճախ մեկնում էին հյուրախաղերի Ռուսաստանի քաղաքներ: Մի անգամ, տեսնելով հայ դերասանի վառ ու յուրօրինակ խաղը բեմի վրա, Մոսկվայի «Խանժոնկով և Կո» կինոստուդիայի ռեժիսոր Ալեքսանդր Գրոմովը առաջարկում է Շահխաթունուն կատարել Կազբիչի դերը «Բելա» ֆիլմում՝ Լերմոնտովի համանուն վիպակի հիման վրա: Շահխաթունին մեկնում է Մոսկվա և փայլուն հաղթահարում իր համար այդ նոր ամպլուան: Նույն տարի «Բելա» ֆիլմը դուրս է գալիս մեծ էկրան և հաջողություն ունենում: Դրանից հետո Շահխաթունին 1913-14 թթ. նկարահանվում է նույն կինոստուդիայի մի քանի այլ ֆիլմերում՝ «Կովկասի նվաճումը»՝ Շամիլի դերում, «Խազ-բուլատ», «Իզմայիլ բեյ», և այլն: Ի դեպ, այդ բոլոր ֆիլմերը ժամանակին ցուցադրվել են նաև Երևանի «Ապոլլո» կինոթատրոնում (լուսանկարում՝ կինոթատրոնն ու ֆիլմերից մեկի ազդագիրն է):

1918-19 թթ. Արշավիր Շահխաթունին զբաղեցրել է Երևան քաղաքի պարետի պաշտոնը: Ռազմական մասնագիտությունը կրկին պետք է գալիս Շահխաթունուն 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին` մինչ այդ Երևանի քաղաքային խորհուրդը նրան արդեն հատուկ լիազորություններ էր տվել քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար: Հայրենիքի համար այդ վճռորոշ պահին Շահխաթունին մեծ աջակցություն ցուցաբերեց Երևանի նահանգի այն ժամանակ փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանի ղեկավարած արտակարգ շտաբին` հերոսամարտերի կազմակերպման գործում: Մասնավորապես, հայտնի փաստ է, որ հենց Շահխաթունու ջանքերով է հնարավոր եղել մայիսի 25-26-ին Երևանի բնակիչներից շտապ հավաքագրել 3 վագոն սննդամթերք, ինչպես նաև ցիստեռներով խմելու ջուր` և մեկ օրվա ընթացքում հասցնել այդ ամենը Սարդարապատի ռազմաճակատ:

Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո Արշավիր Շահխաթունին արտագաղթում է Եվրոպա և հաստատվում Փարիզում: Այստեղ նորից փայլում է նրա կինոդերասանի տաղանդը՝ 1920-30-ականներին Շահխաթունին նկարահանվում է մի շարք ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերում և բավականին մեծ համբավ ձեռք բերում Ֆրանսիայի կինոբոհեմում: Մասնավորապես 1926-ին նկարահանված «Միշել Ստրոգոֆ» ֆիլմը` որտեղ նա հանդես եկավ Իվան Օգարյովի դերում` շատ մեծ հաջողություն է ունեցել: Նշենք նաև, որ Շահխաթունին փաստորեն հանդիսանում է նաև ֆրանսիական պրոֆեսիոնալ կինոգրիմի դպրոցի հիմնադիրը` Փարիզում նա ստեղծել և տարիներ շարունակ ղեկավարել է կինոգրիմի առաջին ազգային մասնագիտական ստուդիան: