ՀՀ քաղաքաշինության նախարարության հիմնական սկզբունքները լինելու են՝ տարածքային համաչափ զարգացումը, սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու շինարարության ժամկետները չձգձգելը: Այս մասին Ազգային ժողովում 2016-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նախարարը խոսեց նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին՝ նշելով, որ ճարտարապետության հետ կապված խնդիրներ չեն կարող լինել, շենքի դեֆորմացիա չի լինի: Նա նշեց, եր իրենք նման բան թույլ չեն տա, սակայն քաղաքաշինության նախարարությունն այս առումով որևէ գործառույթ չունի:

Նարեկ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին կառավարության որոշումից հետո որևէ հստակ ծրագիր չի ներկայացվել, թե ինչ է նոր սեփականատերը նախատեսում իրականացնել այնտեղ: Երբ լինի ծրագիր, դրա քննարկումներին կմասնակցեն նաև շենքի հեղինակները, որպեսզի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրներ չառաջանան»:

Նախարարը նշեց, որ վերը նշված գերակայությունների հիման վրա է ձևավորվել բյուջեի ծախսային մասը, որը կազմում է 6 միլիարդ 415 միլիոն դրամ: