Նկարում` Երևանի ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքն է 1936-ին, հեռվում` Արագած լեռն է: Հրապարակը ուղղահայաց հատող փողոցը` Աբովյանն (Աստաֆյան) է, որտեղ երևում է փողոցով երթևեկող տրամվայը: Հրապարակը հորիզոնական հատողը` Սպանդարյան (Ցարսկայա, Արամի) փողոցն է (փողոցում կայանված են ավտոմեքենա և ձիակառք), իսկ այս փողոցի վրա գտնվող երկհարկանի շենքի տեղում` ներկայիս Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքն է տեղակայված:

Միջնադարում Երևանն արդեն ձևավորված քաղաք է եղել: Երբ 1502 թ. Սեֆյան Իրանը տիրանում է Արևելյան Հայաստանին` այս տարածքների վրա ստեղծվում է Երևանի կուսակալություն վարչական միավորը։ Եվ քանի որ միջնադարյան Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինն ու Անին, ավերվել ու անկում էին ապրել, ուստի կուսակալության կենտրոն է ընտրվում մոտ 20 հազար՝ բացառապես հայ բնակչություն ունեցող Երևանը։ Իսկ այն ժամանակվա Երևան քաղաքի վարչատարածքային կենտրոնը եղել է հենց ներկայիս Հանրապետության հրապարակը:

Արդեն ռուսական տիրապետության օրոք հրապարակը հիմնովին վերակառուցվեց ու ստացավ լուսանկարում պատկերված տեսքը: Նշենք, որ հրապարակի տարածքում` գետնի տակ առկա են բազամաթիվ միջնադարյան կառույցների հիմքեր, որոնք ի հայտ եկան տարիներ առաջ հրապարակում իրականացված վերակառուցման ընթացքում: Ընդհանրապես Երևանի միջնադարյան պատմությունը քիչ է ուսումնասիրված` բուն քաղաքում հայկական տարրի մշտական ներկայությունը լիարժեք լուսաբանելու առումով, որից էլ օգտվում են հարևան երկրի վայ-«պատմաբանները»:

Ռուբեն Շուխյան