Պատմական ֆոտոռեպորտաժ 96 տարի անց... 1919 թվականի նոյեմբերի 3-ի Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի աշխատանքային այցը Կարսի մարզի Սարիղամիշ քաղաք: Վարչապետին ուղեկցում է Հայաստանի Հանրապետության Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը (նկար 1): Հայկական զինուժի զորահանդեսը Սարիղամիշի երկաթուղային կայարանում՝ ի պատիվ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ժամանման (նկար 2): Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը հանդիպում է Սարիղամիշ վերադարձած հայ փախստականների հետ (նկար 3):

Նշենք, որ 1-ին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո, 1918 թ. հոկտեմբերին կնքված Մուդրոսի զինադադարի և 1919 թ. հունվարին Փարիզի հաշտության կոնֆերանսում կայացրած որոշումներից հետո՝ Հայաստանի Հանրապետությունը եվրոպական երկրների կողմից փաստացի ճանաչվում և սահմանագրվում է նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանը) և Կարսի մարզի սահմաններում:

Սակայն թուրքական զինուժը դեռ շարունակում էր օկուպացված պահել Կարսի մարզի տարածքը: 1919-ի փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի ղեկավարությանը ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։ 1919-ի ապրիլին անգլիացիների դրդմամբ թուրքերը հեռացան Կարսի մարզից, և արդեն մայիսին անգլիական էքսպեդիցիոն զորախումբը Կարսի մարզի տարածքը հանձնեց Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո՝ որպես նրա անքակտելի մաս։

Սակայն հետագայում՝ 1920 թվականի նոյեմբերին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ռազմական կոալիցիայի կողմից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի օկուպացումից հետո, 1921-ի մարտին կնքված ռուս-թուրքական բարեկամության պայմանագրով Կարսի մարզը Ռուսաստանի կողմից զիջվեց Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանին:

Ռուբեն Շուխյան-Facebook