Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետի պահախցից գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել է Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի պահախուցը և հափշտակել այնտեղ գտնվող կաշվե վերարկուն՝ քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի պահախցերը հսկող տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները։ Սկավառակների՝ օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ պարզվել է, որ պահախցից հագուստը վերցրել է կապույտ բաճկոնով մի տղամարդ։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է պահախցերին մոտենում հեռախոսը ականջին մոտեցրած, կապույտ բաճկոնով, ճաղատ գլխով, օպտիկական ակնոցով մի տղամարդ, բացում պահախցերից մեկը, վերցնում հագուստի նմանվող մի առարկա և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: