Անկախության առաջին տոնական շքերթը և զորահանդեսը Երևանում... Այս բացառիկ արխիվային լուսանկարում պատկերված է մի դրվագ 1919 թվականի մայիսի 28-ին մայրաքաղաք Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարեդարձի առթիվ անցկացված տոնական շքերթից:

Նշենք, որ այն ժամանակվա մամուլում նախապես հայտարաված էր եղել Երևանում կայանալիք այդ տոնակատարության մասին, որը կոչվել է «Անկախության օրվա միջոցառում»: Ուշագրավ է, որ այդ ամենը կազմակերպվել էր անկախ երկրին վայել բոլոր ատրիբուտներով` շքերթն ու զորահանդեսը պաշտոնապես ընդունել էին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խատիսյանը (վարչապես Հովհաննես Քաջազնունին դիվանագիտական այցով գտնվում էր ԱՄՆ-ում) և ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը (որը նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից էր): Ինչպես տեղեկանում ենք ժամանակակիցների հուշերից` միջոցառումը բավականին բազմամարդ է եղել և մասնակիցների թվում են եղել նաև որբանոցների երեխաները:

1919-ի մայիսի 28-ի տոնական շքերթն անցավ Երևանի կենտրոնի փողոցներով, իսկ գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան արդեն Կենտրոնական հրապարակում (ներկայիս Հանրապետության): Հրապարակով անցավ նաև Երևանի գնդի մի գումարտակ` տոնական հանդերձանքով: Մի հետաքրքիր փաստ նույնպես. քանի որ այն ժամանակ Երևանը լի էր Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականներով` ամեն հայրենակցական միություն շքերթին էր ներկայացել իր առանձին խմբով, տարազներով և համապատասխան տեղանունների մակագրությամբ պաստառներով` Մուշ, Սասուն, Վան և այլն:

Ռուբեն Շուխյան