Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 48 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մասին խոսվել է բազմիցս: Շենքում ապրում են բազմաթիվ անապահով ընտանիքներ, որոնք իրենց օրվա հացը անգամ մեծ դժվարությամբ են վաստակում, հաշմանդամ ամուսիններ, բազմաթիվ հիվանդություններից տառապող տատիկներ, մայրեր, ովքեր դիմանում են դժվարություններին հանուն իրենց երեխաների ապագայի:

YN.am-ի՝ (Yerevan News-Երևան Նյուզ) այս մարդկանց օգնելու նախաձեռնությունը լայն արձագանք գտավ հանրության շրջանում. մենք պարբերաբար այցելում ենք շենքի բնակիչներին և փոխանցում բարերարների տրամադրած օգնությունը՝ վառելափայտից մինչև տեխնիկա, հագուստ, սնունդ և այլ իրեր:

YerevanNews-ը շնորհակալություն է հայտնում «ՎԵՀ» բարեգործական երիտասարդական հիմնադրամին, «Princess» ընկերությանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներին և մանկավարժներին ու բոլոր նրանց, ովքեր անարձագանք չթողեցին մեր նախաձեռնությունը:

Հուսանք Երևանի քաղաքապետարանը նույն պատրաստակամությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները և ի վերջո կապահովի այս մարդկանց բարեկեցությունը: