Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող՝ 3.24. «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանները փոխարինվելու են 6.2. «Առաջարկվող արագություն» ճանապարհային նշաններով՝ կրկին դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամկետով:

Այսինքն, վարորդներին առաջարկվում է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, ելնելով եղանակային պայմաններից և ճանապարհածածկի վիճակից, Դավիթաշենի կամրջի վրա երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:

Նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ: Հետևաբար, արագաչափ սարքը կգործի 60 կմ/ժ արագությունը սահմանվածից ավելի գերազանցելու դեպքում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: