Շրջապատի մարդիկ սկզբում նրա գեղեցկությունն էին նկատում, հետո՝ նրա քայլվածքի առանձնահատկությունը: Կինը շտապո՞ւմ էր, տագնա՞պ կար նրա ոտնափոխության մեջ, թե՞ նրա քայլվածքը ի բնե այդպիսին էր... Նրա մարմինը ոտքերի կամակատարն էր, նրանց թելադրմամբ ոլորվում էր, հետույքը աջ ու ձախ զարնում, կուրծքը դուրս ցցում, գլուխը ետ գցում... Ոտքերի տագնապը տանում-ուղղորդում էր նրա գեղեցկությունը... Ոտքերի ռիթմը դիրիժորն էր նրա իրանի...

Կինը անցավ Էջմիածնի գլխավոր փողոցով, թեքվեց դեպի Մայր տաճարը, չմտավ նրա բակը, այլ շարունակեց իր խռովիչ երթը դեպի Գայանեի վանքը... Մոտեցավ վանքին, մի պահ կանգնեց մուտքի առջև, ապա ոտքը դրեց նրա շեմին... և ուշագնաց ընկավ հատակին: Վրա վազեցին բակում և եկեղեցու ներսում գտնվողներն ու սկսեցին ուշքի բերել: Տարեց հոգևորականը բարձրացրեց կնոջը հատակից ու հանձնեց նրանց կողմը շտապող միջին տարիքի տղամարդուն: Տղամարդը վերցրեց կնոջը իր ձեռքերին և մոտեցավ ջրի ծորակին: Մի քանի րոպեից կինն ուշքի եկավ, նայեց տղամարդուն՝ ասես կողմնորոշվելու համար, թե որտեղ է գտնվում և ո՞վ է իր գլխավերևում թեքված տղամարդը:

- Բան չկա, - ասաց տղամարդը: - Թեթև ուշաթափություն էր... Պատահում է... Երևի այսօր բան չեք կերել...

- Հա՛, էլի... – քմծիծաղեց նրանց ետևում կանգնած պառավ մի կին: - Մոդա է դարձել... Սոված են մնում, որ նիհարեն... Էսօրվա կնիկները...

Տղամարդը խեթ հայացք գցեց պառավի վրա:

- Ի՞նչ է... Ճիշտ չեմ ասո՞ւմ... ավելի մեղմ ձայնով արտաբերեց պառավը:

Տղամարդու երկրորդ հանդիմանող հայացքի ուղեկցությամբ պառավը մի քայլ ետ գնաց:
- Ցրվե՜ք, ժողովո՜ւրդ... Բան չկա... Արև է, շոգ է... պատահում է... - դիմեց շրջապատին տղամարդը և դարձավ կնոջը. - Ես էստեղ մոտ եմ ապրում... Գնանք՝ հանգստացեք... Լա՞վ...
Կինը ոչինչ չպատասխանեց. նա նայեց եկեղեցու կողմը ու նվաղուն հայացքը ուղղեց տղամարդուն:

Տղամարդու տունը իսկապես մոտ էր: Նրան դիմավորեց մայրը:

- Մե՜ր... - ասաց տղամարդը, - ուտելու բան-ման պատրաստիր:

- Ամեն ինչ պատրաստի կա, Արտաշ ջան, - ասաց մայրը՝ հայացքը պահելով անծանոթ կնոջ վրա: Հետո աչքով արեց որդուն, որ նշանակում էր, թե ՙլավ աղջիկ է՚ ու ավելացրեց՝ ՙճաշակիդ մեռնեմ, տղաս՚: Նա վաղուց էր սպասում որդու ամուսնությանը, թոռներ ունենալուն, և Արտաշի ամեն ծանոթ կնոջը ընդունում ապագա հարսի տեղ: Եվ երբ Արտաշը իր բերած կնոջը հարցրեց՝ ՙՁեր անունը կասե՞ք՚, մայրը մեծ հարցականով սևեռվեց նրանց:

- Հեղինե... – սղաձայն արտաբերեց կինը և ուշացումով ավելացրեց, - Քերոբյան...

- Իմ անունը Արտաշես է... Ապրում եմ Երևանում... Բժիշկ եմ... Բուն էջմիածինցի եմ... Մայրս է մնացել մեր այս հին տանը... Երևի նրան էլ բերեմ Երևան... - ասաց Արտաշեսը և անհարմարությամբ զգաց, որ շտապեց իրեն այսքան հանգամանալից ներկայացնել:

Մայրը սեղանը պատրաստեց՝ հայացքն անընդհատ պահելով Հեղինեի վրա:

Հեղինեն՝ ձեռքերը ծնկներին, դիտում էր պատի վրայի լուսանկարները:

- Մոտեցի՜ր սեղանին, աղջի՜կս, - ասաց մայրը:

- Հեղինե... – կմկմաց Արտաշը, - տիկին ասե՞մ, թե՞ օրիորդ...

- Ուղղակի՝ Հեղինե...

- Մի պատառ ուտելիքը ձեր ուժերը կվերականգնի... Մոտեցե՜ք սեղանին...
- Ես սոված չեմ... Եվ պիտի Երևան վերադառնամ... Կներեք, և՝ շնորհակալություն...
Արտաշեսը իր հին ՙԺիգուլի՚-ով Հեղինեին հասցրեց Երևան:

Հեղինեն չէր կարող դուր չգալ տղամարդկանց, և Արտաշեսը ևս անտարբեր չմնաց նրա նկատմամբ: Ամեն ինչ անում էր, որ նորեն հանդիպի Հեղինեին: Վերջապես հաջողվեց. մի երեկո նրան դուրս բերեց քաղաք: Նստեցին սրճարանում, ապա Կասկադի շարժասանդուխքով բարձրացան վեր, զմայլվեցին քաղաքի տեսարանով, դիտեցին բացօթյա համերգը: Արտաշեսը ոգևորված էր Երևանով ու կաշվից դուրս գալով ցույց տալ էր ուզում Հեղինեին քաղաքի բարեմասնությունները: Սակայն ոչ մի կերպ չհաջողվեց նրան մասնակից դարձնել իր ոգևորությանը. Հեղինեն մելամաղձոտ էր: Ի՞նչ է նրա անուրախության պատճառը, հասկանալ էր փորձում Արտաշեսը և տարբեր կողմերից նրբորեն մոտենում էր այդ խնդրին: Հանդիպումից հանդիպում ավելի էր ակնհայտ դառնում Հեղինեի վիճակը:

- Այսօր տխո՞ւր ես, - հարցնում էր Արտաշեսը:

- Ոչ, - ժպտում էր Հեղինեն, բայց ժպիտի վրա քող կար, տխրության բարակ շերտ:
Ամեն անգամ տարբեր ձևերով տրված նույն հարցին Հեղինեի շուրթերին հայտնվում էր այդ ժպիտը: Հարցեր կային, որոնց վրա տաբու էր դրված Արտաշեսի համար. օրինակ՝ Հեղինեն մի փոքրիկ աղջիկ ունի և հարցնել նրա հոր մասին չէր հանդգնում Արտաշեսը: Ո՛վ իմանա՝ գուցե հայրը լքել էր նրանց, կամ երեխան անհաջող սիրո արգասիք էր... Կնոջ համար դա կշռավոր պատճառ է մելամաղձոտ լինելու: Բայց չէ՞ որ ինքը ամեն կերպ ակնարկում է, որ պատրաստ է ամուսնանալ... ՙԹեպետ շատ եմ վրաս վերցնում՝ կարծելով, որ ինձ հետ ամուսնությունը փրկություն է նրա համար՚, - մտածում էր Արտաշեսը: ՙԲայց ինքը բժիշկ է, ախր, և պարտավոր է նման հարցերի պատասխանը գտնել՚: Պատասխանը հանկարծակի ուրվագծվեց, որը անսպասելիորեն ավելի ծանր էր, քան Արտաշեսը կարող էր ենթադրել: Այդ օրը ճեղքեց Հեղինեի և Արտաշեսի միջև եղած առեղծվածային միջնորմը: Հեղինեն փողոցում երերաց, կպավ պատին, Արտաշեսը իր գրկի մեջ առավ նրան և տարավ տուն: Մի քանի օր էր պետք, որ Հեղինեի ընկճախտի ներչարչարանքը ստիպեր նրան բացվեր ու բացվեր, մերկանար ու մերկանար... Նման վիճակում մարդ, հատկապես կինը, կորցնում է հսկողությունը, և այն, ինչ ամուր փակի տակ էր պահվում փոխհարաբերությունների կանոնավորության մեջ, գլխից ձեռք վերցրածի հանգույն, առանց ափսոսանքի սեփական ես-ի նկատմամբ, մերկանում ու մերկանում է... Արտաշեսի բոլոր հարցերին պատասխան էր տալիս:

- Գլխապտույտներդ հաճախակի են դառնում... Թույլ տուր քննեմ... Ես հո բժիշկ եմ... - առաջարկեց Արտաշեսը:

Հեղինեն հնազանդորեն հանեց բլուզը, բացեց կուրծքը: Արտաշեսը լսեց նրա սիրտը, թոքերը, ստուգեց նյարդային համակարգը. ամեն ինչ նորմալ էր:

- Առողջ ես... - ասաց Արտաշեսը՝ փաղաքուշ հայացքը սահեցնելով նրա հոլանի կրծքավանդակի վրայով:

- Գիտեմ, - սղաձայն արտաբերեց Հեղինեն, ապա մատնացույց արեց կրծքի վրայի մեծ խալը: - Սա՜ է իմ հիվանդությունը:

- Խա՞լը... – ծիծաղեց Արտաշեսը: - Այս գեղեցիկ խա՞լը... Նա զարդարում է քեզ...
Հեղինեն երկար սևեռուն նայեց Արտաշեսին, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց արգելակվում էր ասելիքը բերանում, ու վերջապես խոսքը ինքնամատույց դուրս թռավ շուրթերից.
- Սա սատանայի մատն է, նրա նշանն է...

Արտաշեսը դեռ ժպտաց, նրան թվաց, թե գեղեցիկ կնոջ սեթևեթանք է, կատակ է, սակայն Հեղինեի դեմքը ուրիշ բան էր արտահայտում: Եվ այդ արտահայտության հետ հարաբերվել էր պետք... Բայց ինչպե՞ս... Ասածը անհեթհեթություն էր... Մնում էր ծիծաղը սաստկացնել.
- Կարելի՞ է համբուրել սատանայի նշանը...

Հեղինեի դեմքը խոժոռվեց՝ Արտաշեսի ծիծաղը խեղդելով իր լրջության մեջ: Խնդիր ծառացավ՝ ի՞նչ անել այժմ, ինչպես վարվել... Դրությունը և՜ զավեշտալի էր, և՜ պլստան... Անորոշության մթնոլորտը Արտաշեսի դեմքին անմտության կնիք դրեց. նա ոչինչ չէր արտահայտում: Եթե Հեղինեն շարունակեր լռել, Արտաշեսի փակուղին հեղձուցիչ կդառնար. բայց Հեղինեն փրկեց նրան.

- Հիշո՞ւմ ես իմ ուշաթափությունը Գայանեի վանքի առջև...

Արտաշեսը գլխով արեց:

- Ես չեմ սիրում եկեղեցի... Ես վախենում եմ եկեղեցիներից...

- Հետո ի՛նչ... – ուզում էր շարունակել իր խոսքը Արտաշեսը, Հեղինեն կտրեց.

- Հիշո՞ւմ ես փողոցում ես վատ դարձա... Դիմացս հայտնված հոգևորականի ինձ ուղղված հայացքից էր...

- Հնարում ես, սիրելի՜ս... Սատանա գոյություն չունի... Դա գեղարվեստական կերպար է, որ մարդկությունն է ստեղծել...

- Իսկ Աստվա՞ծ...

Արտաշեսը չգիտեր ինչ պատասխանել, որովհետև ինքը երբեք լուրջ չէր մտածել Աստծո գոյության մասին, սակայն հերքումը ևս իր ուժերից վեր էր:

- Աստվա՞ծ... Աստված կա՜... - արտաբերված խոսքը որևէ հիմք չուներ, նրա տակը դատարկություն էր: Հեղինեն այդպես էլ ընդունեց հավուր պատշաճի ասված բառերը:
Օրերն անցնում էին, Արտաշեսը նորեն, այս անգամ ավելի մանրախուզաբար կարդաց Կտակարանը, ձեռք բերեց Ռընանի, Մակդաուելի և տարբեր հայտնի և անհայտ աստվածաբանների գրականությունը՝ գտնելու համար համոզիչ փաստարկ Հեղինեին իր վիճակից հանելու նպատակով:

- Արի վիրահատենք, ջնջենք խալդ... – կիսակատակ առաջարկեց Արտաշեսը: - Հը՞... Ի՞նչ կասես...

- Սատանան իմ ներսում է... Ես դա վաղուց գիտեի... Սակայն վերջե՜րս միայն նա անտանելի դարձավ...

ՙՏարիքային է՚, ուզում էր ասել Արտաշեսը, բայց սսկեց, քանզի վիրավորական կլիներ նման բացատրությունը:

- Խալը պարզապես նշան է... Տավրո...

Արտաշեսը չէր հավատացել ոչ Աստծո, ոչ՝ սատանայի գոյությանը... Թերևս ծնվելով Էջմիածնում, վանքերը նրա համար լոկ մանկության շրջապատն էին, զբոսաշրջիկների այցելության վայրերը... Հասարակ էին ընկալվում իր կողմից. շենքեր էին, ճարտարապետություն էր... Հիմա սկսեց այցելել եկեղեցի, արահետ գտնելու համար դեպի Աստված... Միայն այս կերպ, Աստծո գոյության միջոցով հնարավոր էր սատանայի գոյության փաստը ընդունել: Կարծր էր բժշկի աշխարհընկալումը, և նա հոգնեց իր պրպտումներից. հոգնածության վրա ցինիկության ժպտաշուրթ դրոշմ կար:

Վեց ամիս անց նրանք ամուսնացան: Հեղինեի վիճակը չէր փոխվում: Նա Արտաշեսի հորդորով ամեն ինչ անում էր՝ հաղթահարելու համար իր վախերը եկեղեցիների և հոգևորականների հանդեպ: Մի քանի անգամ նույնիսկ ամուսինները փորձեցին մտնել Երևանի նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արտաշեսը եկեղեցին ներկայացնում էր որպես ճարտարապետական կառույց, որը բարեզարդում է քաղաքը. միայն այդ ձևով կնոջը համոզեց մոտենալ եկեղեցուն: Հեղինեին վերստին այցելեց իր վախը: Վախը պարունակում էր հակակրանք նաև:

- Ես ամեն ինչ անում եմ, որ դուրս գա այդ անիրավը իմ միջից... – լալիս էր Հեղինեն: - Ախր ամեն ինչ փորձում եմ...

- Կանցնի... միայն թե դու պիտի ազատվես սատանայի գոյության մտքից... Պարզապես նյարդային շփոթ է առաջացել քո մեջ...

Հեղինեն ջղայնանում էր.

- Ես իմ ներքինը շատ լավ գիտեմ... Սատանան ծնված օրիցս է բնավորվել իմ մեջ... Նա լուռ էր երկար ժամանակ՝ քանի դեռ ես եկեղեցի այցելելու ցանկություն չէի ցուցաբերում... Թեպետ անախորժությունը եկեղեցիների նկատմամբ միշտ առկայել է... Ես չեմ սիրել նաև եկեղեցական երգերը... Ուղղակի ուշադրություն չէի դարձնում... Միտքս դրանց կողքով էր անցնում...

- Դու ներշնչվող ես և համոզել ես ինքդ քեզ՝ հաճախակի փչացող տրամադրությունդ վերագրելով առասպելական կերպարին... Ես, օրինակ, ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել Աստծո գոյության տարածված գիտակցության պրիմտիվիզմը... Բայց իմ մեջ սատանա չկա... Նա չէ, որ հուշում է, դրսևորում իմ վերաբերմունքը կրոնի նկատմամբ...

- Որովհետև դու անհավատ ես... – նյարդայնանում էր Հեղինեն: - Իսկ ես հավատացյալ եմ...

- Լավ, լավ, սիրելի՜ս... Թող այդպես լինի... – հանգստացնում էր Արտաշեսը:

Մորը տեսակցության մենակ էր գնում: Դեռ չէր հաջողվել նրան Երևան տեղափոխել... Նրան Երևան տեղափոխեց ծանր հիվանդությունը. Արտաշեսը մորը տեղավորեց Երևանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ու այդ օրերին էր, որ Հեղինեն ամուսնուն տեսավ պատուհանի մոտ կանգնած, դեմքը դեպի դուրս, խաչակնքվելիս... Դժվար չէր հասկանալ, որ ամուսինը ամաչելով է խաչակնքվում և շշուկով է իր խնդրանքը ուղղում երկինք...

2006թ. նոյեմբեր

Հեղինակ՝ Աղասի Այվազյան ( Երևանի պատվավոր քաղաքացի )