«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես և խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռևս վերջնական չեն, և կարծես թե Երևանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են: Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել և բացել ապրիլին (այդ ամսվա 17-ին Դեմիրճյանի ծննդյան օրն է), երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչև հաջորդ տարի, մինչև Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին:

Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն և սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն: Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով: Նկարում՝ ձախից արձանի գիպսե տարբերակն է, աջից՝ քանդակվող մարմարը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դիմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթող տեղադրելու մտադրության մասին քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին դեռ մեկուկես տասնամյակ առաջ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: