Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ:

«Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով: Այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: