«Թեմուրանոց»` 1970-ականների երևանյան գարեջրատունը... Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկին կանգնած շենքի այս երկու կամարների մոտով դեպի Կասկադ գնալիս անցնում են բոլորը: Բայց քչերը թերևս գիտեն, որ հենց այստեղ էր գտնվում 1970-ականների երևանյան ամենահայտնի գարեջրատներից մեկը` «Թեմուրանոց»-ը: Այն կոչվում էր նրա պանդոկապանի` Թեմուրի անունով, որը շատ յուրահատուկ և պատկերավոր մի անձնավորություն էր` միշտ զգոն, հստակ ու ճշգրիտ:

Հիշում եմ, երբ 1974-ին գարեջրատան հարևանությամբ` Մոսկովյան փողոցի վրա տեղադրվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, բոլորս միակարծիք էինք, որ սա հենց Թեմուրն է` երկու ձեռքերով  հենված սեղանին:

«Թեմուրանոց»-ի ֆիրմային ուտեստն էր` սև կլոր թավաների մեջ տապակած կարտոֆիլը` բարակ կտրատած նրբերշիկով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր` մի «թեմուր», ու այդպես էլ պատվիրվում էր սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք տեսակի էին. փոքրը` երկու չափաբաժին (կամ երկու «թեմուր»), միջինը` չորս և մեծը` վեց: Իհարկե, խոհարարական առումով` դա շատ պարզունակ մի կերակուր էր, բայց մատչելի, համեղ ու կշտացնող` էլ ի՞նչ էր հարկավոր այն ժամանակվա երիտասարդության համար:

Գարեջուրը լցնովի էր` մեկ, երկու կամ երեք լիտր ապակյա տարաներով (բալոններով), որոնք դու ինքդ պետք է բերեիր սպասասեղանից` քո սեղանին, նոր այստեղ արդեն լցներիր գարեջուրը բաժակների մեջ: Իսկ գարեջրի տարաները լցվում էին ոչ միանգամից, այլ դրվում էին «հերթի», քանի որ փրփուրը շատ էր, և տարան լցվում էր ընդատումներով` մինչև փրփուրը պակասի: Այդպիսին էր երևանյան «Թեմուրանոց»-ը` երիտասարդների սիրված վայրերից մեկը, որտեղ իհարկե սեղանի շուրջը անվերջանալի էին նաև ընկերական բազմաբնույթ զրույցներն ու քննարկումները:

Ռուբեն Շուխյան