Երևանի կրկեսի բացումը նախատեսվում է մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երևանի կրկեսի գեղարվեստականղեկավար, Հայաստանի կրկեսայինգործիչների միության նախագահ,պրոֆեսոր Սոս Պետրոսյանը.

«Ուղղակի ափսոսանք եմ ապրում, որ անցյալ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80- ամյակը պետականորեն չնշվեց: Բայց մենք ձեռքներս ծալած չնստեցինք, մեծ միջոցառումներ կազմակերպեցինք: Զորամասերում, մշակույթի տներում, գյուղերում մենք Ենգիբարյանին նվիրված հյուրախաղերով հանդես եկանք:

Բայց դա, միևնույն է, քիչ էր, և մենք հրավիրեցինք «Շապիտո» կրկեսը, որը մոտ երեք ամիս ծրագիր ներկայացրեց Կոմիտասի այգում, ապա՝ Արցախում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում: Մայրաքաղաքում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ անցկացրեցինք միջոցառումներ՝ նվիրված Ենգիբարյանի 80-ամյակին: Նաև այս տարի Ծաղկաձորում կանցկացվի Լ.Ենգիբարյանի անվան թվով 5-րդ, արդեն ամենամյա մնջախաղի միջազգային փառատոնը»:

Վերջինիս խոսքով՝ Երևանի նոր կրկեսը լինելու է համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ութհարկանի շենքի երկու հարկը կլինեն ստորգետնյա, իսկ վեցը՝ վերգետնյա: Նստատեղերի քանակը կլինի 2500, նախորդ շենքի 1563-ի փոխարեն: Տոմսերի գները կլինեն մատչելի: Մինչև 2022 թվականը արդեն կա գրված ծրագիր, հայտնի են այն կրկեսային և շոու ներկայացումները, որոնք հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել: