«Երևանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու։ Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցվում։ Առաջինն Աբովյան– Պուշկին խաչմերուկինն է, որը տարիներ շարունակ կիսակառույց էր, իսկ վերջին ամիսներին թափով շինարարություն է ընթանում, և անգամ 3-4 հարկ է ավելացվել շենքի վրա։ Ասում են՝ նոր սեփականատերը Սերգեյ Համբարձումյանն է։ Երկրորդը Տերյան 11 հասցեում՝ Աֆրիկյանների շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է։

Եվ երրորդը Տերյան-Պուշկին խաչմերուկի հարակից տարածքում՝ ԱԻՆ-ի նախկին շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է, որը, ըստ որոշ տեղեկությունների, լինելու է 19 հարկանի։ Թեև դեռ հարկայնությունը վերջնականապես որոշված չէ՝ ընթացքի մեջ է։ Հյուրանոցի սեփականատերը, մեր տեղեկություններով, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է՝ Խուճուճ Էդոն։ Բանն այն է, որ նախկին նախարարին և նրա որդուն պատկանող կազմակերպությունը Դավթաշեն վարչական շրջանում կառուցել է արտակարգ իրավիճակների նախարարության շենքը և փոխարենն ստացել այստեղ հյուրանոց կառուցելու իրավունքը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: