Խրիմյան Հայրիկ. ազգային գործիչն ու կաթողիկոսը... Դժվար է պատկերացնել 19-րդ դարավերջին՝ 20-րդ դարասկզբին հայության համար ավելի պաշտելի մի անուն, քան Խրիմյան Հայրիկն էր՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (1820-1907): 1878 թ. նա Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարն էր և ականատես եղավ այնտեղ մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը, երբ հայերի անմիջական մասնակցությամբ ամբողջովին ազատագրված Արևմտյան Հայաստանը նորից ետ հանձնվեց Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ (բացի Կարսից)՝ ոտնահարելով հայ ազգաբնակչության կամքը: Խրիմյանը վերջնականապես համոզվեց, որ երբեք մեկ այլ երկիր չի լուծի քո խնդիրները: Նույն Ռուսաստանին էլ այն ժամանակ հետաքրքրում էր միայն Բալկաններում նոր սլավոնական պետության՝ Բուլղարիայի ստեղծումը, որի համար նա ջանք ու եռանդ չխնայեց, իսկ ահա Արևմտյան Հայաստանին խոստացված ինքավարության տրամադրումը այդպես էլ մնաց թղթի վրա:

Հենց Բեռլինի վեհաժողովից հետո էր Խրիմյան Հայրիկը դառնացած արել իր հայտնի արտահայտությունը. «Այնտեղ ուրիշ ժողովուրդները ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը՝ ընդամենը թղթից էր»: Հիասթափված վեհաժողովի արդյունքներից, Խրիմյանը փոխում է իր դիրքորոշումը և ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի կոչ անում: 1880-ականների սկբին նա եռանդուն գործունեություն է ծավալել Վանի նահանգում, որի հոգևոր առաջնորն էր, և մեծ օժանդակություն ցուցաբերել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» հայ ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը:

Երբ 1903 թ. հունիսի 12-ի ցար Նիկոլայ 2-րդի հակահայկական օրենքով Հարավային Կովկասում փակվեցին բոլոր հայկական դպրոցները, Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը հերոսական ու աննահանջ պայքար ծավալեց այդ ապորինի որոշման դեմ: Նա հատուկ կոնդակով հոգևորականությանը հորդորեց չենթարկվել հրամանին: Նիկոլայ 2-րդին հղած իր հանդուգն նամակում Խրիմյանը, անդրադառնալով Հայաստանում ծայր առած ժողովրդական բողոքի արտահայտություններին, նշում էր, որ այդ «հուզումները միայն ցույց են տալիս, թե որքան անսպասելի էր նոր հրովարտակը, որը ծանր պատժի հանգամանք ունի, թե ինչպես է դա հակասում եկեղեցու օրենքներին և ժողովրդի մեջ դարերով մշակված պատկերացումներին»:

Ցարական բռնակալության դեմ անհավասար պայքարում հայ ժողովուրդը իրական հաղթանակ տարավ, և 1905-ի օգոստոսի 1-ին վերջապես հրապարակվեց ցարի նոր հրամանագիրը՝ հայ եկեղեցու գույքը վերադարձնելու և ազգային դպրոցները վերստին բացելու վերաբերյալ: Վճռական դերը այս հարցում, անշուշտ, Խրիմյան Հայրիկինն էր:

Ռուբեն Շուխյան