Մենք մտել ենք փակուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Արծրունին: Նա մասնավորապես ասաց.

«Կառավարությունը պետք է գլուխ ջարդի, թե ինչպես ժողովրդին այս վիճակից հանի։ Ոչ մեկ չի կարող որակավորել «Սասնա ծռեր» կազմակերպությանը։ Եթե ազգային հերոս Ժիրայր Սևֆիլյանն տեռորիստ է, ապա ո՞վ է ազգային հերոսը։ Ոստիկանն էլ հրամանի մարդ է. հրամանը տրված է ծեծել՝ ծեծում է, սպանել՝ սպանում է։ Մենք մտել ենք փակուղի։ Եթե տղերքին փակեն բանտերում, ի՞նչ է դրանից ավելանալու։ Սրանք կրիզի հասած հարցեր են»։

Ասուլիսին ներկա էր նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով կարծիք հայտնեց, թե՝ տղաները պետք է արդարանան ու արդարացնեն իրենց։

«Էսպես մինչև ու՞ր։ Այս լարվածությունն ուրիշ հիմքեր ունի՝ որտեղի՞ց հայտնվեցին այս միլիարդատերերը։ Ամենը չպետք է թույլ տային հասներ այս աստիճանի։ Ասում են, եթե տանը կռիվ է, մեղավորը մեծն է։ Ձգտենք, որ պետությունն ու հայրենիքը դառնա բոլորինս։ Պետք է գտնել խոհեմ ճանապարհ՝ տղաները վայր դնեն զենքերը, արդարանան ու արդարացնեն իրենց»,- ասաց նա: