Երեւանի քաղաքապետարանը չի կատարում երկու տարի առաջ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 17.06.2014թ. կայացրած վճռով դատարանը պարտավորեցրել է «Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանին եւ «Նոր Նորք 1/5 համատիրությանը» վերացնել Նոր Նորք 1-ին զանգված, Նանսենի 17 շենքի նախագծային թերությունը, մասնավորապես՝ առանձնացնել անձրեւատար խողովակը կոյուղու խողովակից այնպես, որ անձրեւաջրերը հոսեն անձրեւատար խողովակով»:

Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 17 շենքի բնակիչներն այս տարվա փետրվարի 1-ին դիմել էին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն՝ խնդրելով ապահովել դատարանի վճռի կատարումը, վերջանական լուծում տալ ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող հարցին:

Բնակիչները նախագահի վերահսկողական ծառայություն դիմեցին այն բանից հետո, երբ այս Ամանորին սառույցով պատվեցին շենքի բոլոր հարկաբաժինները, դադարեց գործել վերելակը եւ ստեղծված վթարային վիճակի հետեւանքով ավելի քան երկու շաբաթ սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժը` տոնական տասնօրյակը վերածելով կատարյալ դժոխքի:

Վերահսկողական ծառայության արձագանքից հետո Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, դատարանի վճռին հակառակ, կրկին անձրեւատար խողովակը միացրեց կոյուղուն: Այդպիսով լուծված համարվեց շենքում անձրեւաջրերի հեռացման հարցը, իսկ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը 18.02.2016թ. գրությամբ Վերահսկողական ծառայությանը եւ բնակիչներին պատասխանեց. «Ի պատասխան ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն հասցեագրված Ձեր 01.02.2016թ. հ.20-0411 եւ հ.20-0412 դիմումների` տեղեկացնում եմ, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ եւ ԲՇԿՄՀԱԿ բաժնի մասնագետների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Նանսենի 17 շենքի տանիքի անձրեւատար խողովակները բերվել են նախագծային տեսքի` առանձնացվել են կոյուղագծերից եւ ներկայումս գործում են անխափան»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: