Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ նամակ է հղել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Ս.Սեդրակյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Կարծում եմ` տեղյակ եք ամիսներ շարունակ իմ կողմից հրապարակայնորեն բարձրաձայնված` «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի ու գործունեության հետ կապված տարբեր խնդիրների մասին:

Ինչպես իմ, այնպես էլ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների, նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարևորվել է ռազմավարական նման նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ հասարակական անբեկանելի վստահությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել միայն, երբ համակարգն աշխատում է թափանցիկ և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք հրապարակային:

Վստահ եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության համապատասխան տույժերից և հանձնարարականներից հետո Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունները շտկվել են, սակայն մի բան է արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվությունը, մեկ այլ բան` հանրությանը:

Մասնավորապես, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե ընդամենը որքան աշխատավարձ է վճարվել, ապա հասարակությանը` որ աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե որքան է կազմում վարչական ծախսը, ապա հասարակությանը` ինչ վարչական ծախսի մասին է խոսքը` գրասենյակ և այլն:

Համոզված եմ, որ թափանցիկ գործունեությունը, նպաստելով հանրային վստահության ավելացմանը, կնպաստի նաև համապատասխան ֆինանսական մուտքերի ավելացմանը, որն էլ իր հերթին նպաստելու է բանակաշինության սրբազան գործին:

Ես` որպես «Մարտիկի» անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ, և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ ներկայացնել 2002թ.-ից սկսյալ` ըստ տարիների, հիմնադրամի մայր գումարի տարեկան տոկոսներից և նվիրատվություններից գոյացած գումարներով իրականացված ծրագրերը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման վրա ծախսված գումարն ու արդյունքը: Խնդրում եմ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել` ապահովելով թափանցիկության սկզբունքը, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք նպաստել հիմնադրամի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Խնդրում եմ նաև հղում չկատարել ռազմական գաղտնիության վրա, քանզի Հիմնադրամի կանոնադրությամբ նշված կազմակերպչական, կրթական, բարեգործական և քարոզչական ծրագրերը չեն կարող պարունակել ռազմական գաղտնիք»: