Ազատամարտիկների 74/2 հասցեի պոմպակայանի վերաբերյալ Անահիտ Բախշյանը նամակներ էր ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Գրագրության արդյունքում պարզվեց, որ նշված հասցեում տեղակայված ջրի պոմպակայանի տարածքն օգտագործվում է, սակայն դրա համար մրցույթ կամ աճուրդ չի հայտարարվել: Ստորև ներկայացնում ենք տիկին Բախշյանի հերթական նամակը՝ ուղղված քաղաքապետին.

«Ազատամարտիկների փողոցի 74/2 հասցեում գտնվող պոմպակայանի 5.9 ք.մ. տարածքի սեփականաշնորհման մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան, ըստ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանի 02.09.2016թ. 04/5-50493հ թվակիր նամակի, պարոն Նիկոյանը հայտնել է, որ Երևանի սեփականություն համարվող այդ տարածքը օգտագործման տրամադրելու և օտարելու վերաբերյալ օտարման աճուրդ և մրցույթ կազմակերպող հանձնաժողովի կողմից այդ հասցեում որևէ գույք աճուրդով օտարման չի ներկայացվել: Եթե Վահան Բեգոյանը աճուրդով չի գնել այդ պոմպակայանի տարածքը, ապա ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է Երևանի քաղաքապետը 07.05.2015թ. հ.1386-Ա որոշում կայացրել այդ հասցեում գտնվող 6 շենքերին ջուր մատակարարող պոմպակայանը տեղափոխելու թույլտվություն տվել: Ստացվում է, որ պոմպակայանի տարածքն իր սեփականությունը չէ, ուրեմն տեղափոխելու ծախսերն այդ մարդն իզո՞ւր է արել: Հիմա քաղաքապետարանը վստահեցնում է, որ պոմպակայանի տեղում և հարակից տարածքում ոչ մի շինթույլտվություն տրված չէ, ավելին՝ խոստանում են այդ տարածքում այգի հիմնել: Հարց է ծագում.

Վահան Բեգոյանը իր կառուցած նոր պոմպակայանի 5.9 քմ տարածքը աճուրդո՞վ է գնել, գնելու հայտը ե՞րբ է ներկայացրել, ե՞րբ է կայացել աճուրդը և ի՞նչ գումարով է այն օտարվել: Խնդրում եմ տեղեկանք տրամադրել սույն հարցերի վերաբերյալ»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն