«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շարքում հաճելի նորություն էր Երևանի պատմության թանգարանում բացված «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ: Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝ «ГОСТ-արտադրված է Երևանում» ցուցահանդեսը նվիրված է ինչպես Երևանի 2798, այնպես էլ թանգարանի 85-ամյա հոբելյաններին:

«Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ:

Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը»,- նշել է Արմինե Սարգսյանը՝ հավելելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որոնցից և կազմավորվել է թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը:

Նշենք, որ ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:

«ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ` երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17.30: