1915-ի հուլիսին արված բացառիկ այս լուսանկարում Վանից տեղահանված և մոլորված հայ երեխաներն են, որոնց պատսպարել են Իգդիր տանող ճանապարհին՝ մինչ իրենց կգտնեն ծնողները, որոնք դեռևս չեն հասցրել գաղթել Վանից:

Այդ լուսանկարը պատկերավոր կերպով ներկայացնում է հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի դրվագներից մեկը, երբ ցարական կառավարությունն իր աշխարհակալական նպատակների իրականացման համար բառացիորեն խաբեց հայությանը՝ ներքաշելով 1-ին համաշխարհային պատերազմի մահաբեր հորձանուտի մեջ՝ մինչ այդ տալով բազում «ազնիվ խոստումներ» և «անշահախնդիր հավաստիացումներ», իսկ արդեն պատերազմի ամենավճռորոշ պահին դավաճանաբար ետ քաշվելով և միայնակ թողնելով արևմտահայությանը մահաբեր վտանգի առջև: Վանի հայերի գաղթը, իսկ փաստացի՝ Վանի նահանգի դատարկումը ռուսների համար, ավելի կանխատեսելի՝ քրդերի, իրականացվեց Վանում ռուսական զորամիավորման անսպասելի և չպատճառաբանված դուրսբերմամբ, Վանի հայերի հերոսամարտի հաղթական ավարտից ընդամենը երկու ամիս անց՝ 1915-ի հուլիսին: Եվ դա այն դեպքում, երբ այդ պահին թուրքական կանոնավոր զորքերը ետ էին քաշված ռազմաճակատից դեպի իրենց խորը թիկունքը:

Այս ցավալի պատմական փաստերը սովետական տարիներին խստագույնս արգելափակված են եղել, քանի որ հանրությանը մշտապես հրամցվում էր կոմունիստական այն հակապատմական թեզը, թե, իբր հայ ժողովրդի «իրական» պատմությունը սկսվել է 1921-ից ի վեր, երբ Սովետական Ռուսաստանը «փրկեց» հայերին: Միայն 1991-ից հետո բոլորիս համար վերջապես պարզ դարձավ այն սարսափելի դավաճանությունը, որը կատարեց ցարական կառավարությունը հայերի հանդեպ 1915 թվականին, որի մասին, ի դեպ, առաջիններից իրենց ցասման ձայնն էին բարձրացրել Հովհաննես Թումանյանը, Զորավար Անդրանիկը և շատ ուրիշներ՝ արդեն 1915-ին:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: