Հոկտեմբերի 27-ի ողբերգության 17-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին:

Հիշատակի արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները՝ այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանը, Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը և այլոք:

Նշենք, որ 17 տարի առաջ՝ 1999թ-ին հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։