Ներկայացնենք մի հազվագյուտ նմուշ համացանցից՝ 1914 թվականի մեդալիոն, որը պատկերում է հայ կամավորաններին օրհնող Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին: 1914-ի սեպտեմբերից ցարական կառավարության հրահանգով Կովկասյան ճակատում ռուսական զինուժի կազմում մարտական գործողություններին մասնակցելու համար սկսեցին կազմակերպվել հայկական կամավորական ջոկատներ, և դա՝ Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին անորոշ և դատարկ խոստումների ներքո: Պատմական դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ ռուսական իշխանական էլիտայի կողմից հայ ժողովրդի հանդեպ այդ ամենը ուղղակի հանցավոր խաբեություն էր հանդիսանում, որի հետևանքները ողբերգական եղան մեզ համար:

Հատված Ալեքսանդր Խատիսյանի հուշերից. «1915 թ. ռուսական բանակը մտավ Թուրքիայի խորքերը: Հայ կամավորները, միշտ որպես առաջապահներ, քաջորեն կատարում էին զինվորական իրենց բոլոր աշխատանքները՝ որպես կռվողներ, հետախույզներ և պաշտպաններ հայ գաղթականության: Կովկասի մեջ կատարվեցին վարչական մեծ փոփոխություններ: Սկսվեց նոր քաղաքականություն, նոր շրջան: Փոխվեց և վերաբերմունքը դեպի հայ կամավորները: Ես, որպես ներկայացուցիչ հայ կամավորական բանակի, իսկույն զգացի վերաբերմունքի այդ փոփոխությունը, որի գլխավոր պատճառներն հետևյալն էին՝ 1-ին. ռուս կառավարությունը վախենում էր, որ հայ կամավորական բանակը, լեհ կամ չեխ լեգիոնների նման, կարող էր խոչընդոտ հանդիսանար շրջանի ռուսացմանը, 2-րդ. Արևմտյան Հայաստանը գրավելուց հետո՝ կամավորների դերը համարվում էր վերջացած, 3-րդ. Արևմտյան Հայաստանում այլևս հայեր չկային, մնացել էին քրդեր, որոնց ռուս կառավարությունը ուզում էր սիրաշահել և այդ նպատակով ուղարկել էր հատուկ գործակալ իշխան Շախավսկոյին, 4-րդ. մթերքի և հրացանների պակասը Եվրոպական ճակատում ստիպում էր ետ առնել հայ կամավորների երեքգծանի հրացանները և փոխարինել դրանք բերդաններով…

Հայ կամավորների կացությունը ողբերգական էր դարձել: Ռուսական իշխանությունը, արդարացնելու համար իր այդ վերաբերմունքը, կամավորների վրա բարդեց ծանր հանցանքներ՝ մեղադրեց նրանց դասալքության, քրդերի դեմ բռնություններ գործադրելու մեջ: Ես պահանջեցի քննություն կատարել, որը և ցույց տվեց այդ լուրերի անհիմն լինելը: Պարզ էր, որ բոլոր այդ զրպատությունները մեկ նպատակ ունեին՝ զինաթափել հայ կամավորական խմբերը… 1916 թ. փետրվարին ռուսները գրավեցին Էրզրումը: Կամավորական խմբերի անհրաժեշտությունը դառնում էր ավելորդ: Սկսվեց հաշվեհարդարը: Նախ՝ ազատ արձակվեցին նրանք, ով կամենում էր հանգստի գնալ: Մնացած ստորաբաժանումները վերածվեցին ռուսական գնդերի, որոնք գլխավորեցին ռուս կամ հայ զինվորականները: Արձակվեցին հայ հրամանատարները, և 1916 թ. գարնանը վերջացավ կամավորական բանակների վերակազմությունը…» («Երիտթուրքերի և Ռոմանովների միջև», «Հայրենիք» ամսագիր, թիվ 12, 1932):

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: