Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պաշտպանի միջնորության քննությունը: Դատարան էր բերվել Արայիկ Խանդոյանը, որին դատական նիստերի դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Արայիկ Խանդոյանը դատարանում ելույթ ունեցավ՝ ասելով «Հայաստանումոչինչներն ամեն ինչ անում են հային վերացնելու համար»:

«Ոչինչներն ուզում են հային ոչնչացնել: Ես ինձ չեմ արդարացնում, ո՞վ եք դուք, որ ձեր մոտ ես ինձ արդարացնեմ, ոչ էլ ձեր արդարացման կարիքն եմ զգում: Իմ ազգն իմ հետ է, իմ ազգը կանգնած է իմ կողքին»,-ասաց նա:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի եւ Արա Ղարագյոզյանի միջնորդությունը, որը դժգոհություն առաջացրեց դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ: Արայիկ Խանդոյանին աջակիցներն ու հարազատները հորդորեցին դուրս գալ հացադուլից:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):