1995 թվականի նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Երևանի Աբովյան փողոցի 35 շենքի շքամուտքում ատրճանակի կրակոցներից սպանվեց այն ժամանակ հայտնի շնաբույծ-շնաբույժ Անդրեյ Կ.-ն: Նրան ճանաչողները, նրա մոտ իրենց շներին բուժածները շատ էին: Անդրեյի սպանության վարկածներն էլ էին շատ: Սպանության բացահայտումը տևեց… 3 տարի:

1998 թվականի հունիսի 2-ին սպանությունը կատարելու կասկածով ձերբակալվեց Երևանի կիրառական կենսատեխնոլոգիայի ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետի առաջին կուրսի 23-ամյա ուսանող Վրեժ Ս.-ն (անունը փոխված է):

Նա վարձու մարդասպան չէր: Ըստ դատական ակտի, նա սպանությունը ծրագրել ու գործել էր մենակ՝ վրեժ լուծելու նպատակով…

Վրեժ Ս.-ի հայրը՝ Ավագը (անունը փոխված է), սկզբում Անդրեյի հաճախորդն էր: Նա այնքան էր հետաքրքրված շներով ու շնաբուժությամբ, որ 1993 թվականի վերջին Անդրեյը նրան աշխատանքի ընդունեց որպես իր օգնական:

Որոշ ժամանակ համատեղ աշխատելուց հետո նրանք հիմնադրեցին «Արալեզ» կինոլոգիական կենտրոնը: Անդրեյ Կ.-ն կենտրոնի նախագահն էր, իսկ Ավագը՝ փոխնախագահը:

Աշխատանքային սերտ հարաբերություններից ծնվեցին նաև քավոր-սանիկական հարաբերություններ: Ջերմ հարաբերությունները, սակայն, երկար չշարունակվեցին, տևեցին մինչև 1994 թվականի մայիսը:

Ըստ դատական ակտի՝ կինոլոգիական կենտրոնի նախագահի ու փոխնախագահի փոխադարձ անհանդուրժողականությունը մասնագիտական նախանձախնդրությունից էր ուռճանում:

Անդրեյը շնաբուծության-շնաբուժության ասպարեզում իրեն հանրապետության գլխավոր մասնագետ էր համարում, կապեր ուներ նաև Ռուսաստանում և այլ երկրներում: Այդ ասպարեզ վերջերս ոտք դրած Ավագին այլևս չէր բավարարում Անդրեյի ստվերում մնալը, նա ձգտում էր իր տեղն ու անունն ունենալ:

1994 թվականին Ավագը մեկնեց Մոսկվա՝ վերապատրաստման: Վերադարձավ՝ իր հետ 2 դիպլոմ բերելով. առաջնակարգ մասնագետի դիպլոմն իր անունով էր, իսկ ավելի ցածր որակավորմամբ դիպլոմը՝ Անդրեյի:

Անդրեյն Ավագի այդ քայլը դավաճանություն համարեց, իր դեմ լարված դավադրություն:

Հետո «դավադրությունը» անցավ նրանց աշխատանքային ոլորտ, և տուժեցին կինոլոգիական կենտրոնում բուժվող և բուծվող անմեղ շները: Նրանց բուժելու փոխարեն սկսեցին…վնասել… Թանկարժեք շների ու շնաձագերի զգալի գլխաքանակ ոչնչացավ:

Անդրեյը պնդում էր, թե Ավագը թունավորում է շներին, իսկ Ավագը պնդում էր, թե Անդրեյը թերանում է բուժումներ ու պատվաստումներ անելիս…

Կինոլոգիական կենտրոնը նյութական լուրջ կորուստներ կրեց: Միայն մեկ շնատիրոջ վնասը հատուցելու համար վճարվեց 800 դոլար:

Կենտրոնի նախագահի ու փոխնախագահի թշնամությունը հասավ գագաթնակետին: Անդրեյն աշխատանքից ազատեց Ավագին: Բայց իրար հետ չաշխատելու պարագայում էլ նրանք շարունակում էին միմյանց չհանդուրժել: Նույն «շուկայում» էին, գործունեության նույն ոլորտում, և թշնամությունը խանգարում էր երկուսին էլ:

Ավագն իր ծանր մտածմունքներն ու ամբողջ վրդովմունքը տանում էր տուն, կիսվում էր տնեցիների հետ: Միգուցե՝ թեթևանում էր, բայց չէր նկատում, որ թշնամանքով է լցնում 20-ամյա որդու՝ Վրեժի սիրտը:

Վրեժի վերաբերմունքն Անդրեյի նկատմամբ կտրուկ փոխվեց: Գործի քննության ընթացքում Վրեժը հետագայում ասել է. «Անդրեյը հորս հասցեին զրպարտչական լուրեր էր տարածում, հեղինակազրկում էր: Մեր ընտանիքը սնանկանում էր: Այդ պատճառով չկարողացա մասնակցել վճարովի դասընթացների, ինստիտուտ չընդունվեցի»:

Վրեժը զորակոչվեց բանակ: Եթե երկու տարի հեռու լիներ ընտանիքից, երկու տարով էլ մեծանար, միգուցե ամեն բան ողբերգական ավարտ չունենար: Բայց նա ծառայում էր Քանաքեռում: Հաճախ տուն էր «ծլկում» ու՝ «Գնում, տեսնում էի՝ տանը բոլորը տխուր են, անտրամադիր…»:

Եվ, ըստ դատական ակտի, զինվոր որդին որոշեց վրեժխնդիր լինել, հոր թշնամու հետ հաշվեհարդար տեսնել…

Վրեժը նախապատրաստվեց հաշվեհարդարին: 1995 թվականի հոկտեմբերին մեկից 100 դոլարով ինքնաշեն ատրճանակ գնեց: 4 փամփուշտներից մեկով զենքը փորձարկեց՝ սարքին էր:

Նոյեմբերի 20-ի կեսօրին Վրեժը զորամասից տուն գնաց, զենքը վերցրեց ու թաքցրեց գոտկատեղում: Ընկերուհու հետ դուրս եկավ զբոսանքի: Ընկերուհու եղբոր ծննդյան օրն էր՝ շնորհավորեց, շամպայն խմեց, ավելի շատ՝ ի պետս քաջության:

Ժամը 21-ի սահմաններում Վրեժը Աբովյան փողոցի 35 շենքի մոտ տեսավ Անդրեյին: Նա մեքենա էր նստում: Վրեժը գիտեր՝ Անդրեյը Ողջաբերդ է գնում՝ շներին կերակրելու:

Վրեժն ընկերուհու հետ զբոսնում էր մոտակայքում ու սպասում էր Անդրեյի վերադարձին:

Ժամը 23-ի սահմաններում նա հեռվից նկատեց տուն վերադարձող Անդրեյի մեքենան: Ընկերուհուն ասաց, թե շտապ գործ ունի, պատվիրեց, որ ընկերուհին սպասի գյուղակադեմիայի շենքի մոտ: Երբ ընկերուհին մի քիչ հեռացավ, Վրեժը վազելով մտավ Անդրեյի շքամուտք, մի քանի աստիճան թռչելով՝ երկրորդ հարկ բարձրացավ, թաքնվեց: Գոտկատեղից հանեց ատրճանակը: Լսեց մեքենայի փակվող դռան ձայնը, Անդրեյի ոտնաձայները՝ աստիճանների վրա:

Վրեժը մեխանիկորեն հաշվում էր ոտնաձայները: Հենց հասավ անհրաժեշտ թվին, տեղից մղվեց առաջ: Սլացավ ներքև: Անդրեյի ոտնաձայները նրան դղրդոցներ էին թվում, ականջների մեջ աղմուկ էր…

Հետագայում Վրեժն ասել է. «Պահ եղավ, որ երկմտեցի, ցանկացա հետ դառնալ ու հենց այդ ժամանակ դեմ առ դեմ ելա Անդրեյին»:

Անդրեյը հանկարծակիի եկավ, նայեց Վրեժի աչքերին: Մի քանի ակնթարթից հնչեց կրակոցը. «Առանց այլևայլության կրակեցի: Կրակոցի ձայնն այնքան ուժեղ էր, որ աչքերս փակեցի»:

2 մետր հեռավորությունից Վրեժը 3 կրակոց արձակեց Անդրեյի գլխին ու կրծքավանդակին: Հետո աշխատելով չքսվել ընկած Անդրեյին՝ Վրեժը դուրս վազեց շքամուտքից: Հասավ ընկերուհուն: Շարունակեցին զբոսնել: Վրեժին անընդհատ թվում էր, թե Անդրեյը հիմա ոտքի է ելել և ուր որ է՝ կհասնի իր հետևից…

Այդ գիշեր Վրեժն ընկերուհու հետ երկար զբոսնեց, ոտքով հասան մինչև կենդանաբանական այգի: Հարմար պահ գտնելով՝ Վրեժը ատրճանակը նետեց Գետառը:

Վերջապես ընկերուհուն տուն ուղեկցեց, գնաց զորամաս: Շարունակեց ծառայությունը:

Նախաքննության սկզբում, որպես ծառայության մեջ գտնվող, ապահովեց իր այլուրեքությունը, նրան համարեցին կասկածից դուրս: Գործի բացահայտումը կարծես փակուղի մտավ…

Վրեժը զինծառայությունը շարունակեց, ավարտեց: Ինստիտուտ ընդունվեց: Բայց համարելով, թե ամեն բան անցել է՝ սխալ թույլ տվեց՝ մի քանի ընկերների պատմեց իր կատարածի մասին, ասաց, թե խիղճը դեռ տանջում է…

Եվ օպերատիվ տվյալներով սպանությունը բացահայտվեց…

Վրեժ Ս.-ն մեղավոր ճանաչվեց վրեժի հողի վրա կատարած դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածով և 232 հոդվածի 1-ին մասով: Նա դատապարտվեց 8 տարի ազատազրկման:

Վճռաբեկ գանգատ գրեց: Թեև ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել, գանգատում գրեց, թե ինքը չի սպանել. «Ճիշտ է, Անդրեյի հետ լարված հարաբերությունների մեջ եմ եղել, նրա անփութության հետևանքով վնաս է հասցվել իմ ընտանիքին, սակայն մի՞թե կարելի է 800 դոլարի համար մարդ սպանել»: Վրեժն իր բողոքում խնդրում էր մինչև գործի նոր քննություն կատարելը իր պատիժը մեղմացնել, հաշվի առնել, որ ինքը… զղջացել է…

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական ու զինվորական գործերով պալատը 1998 թվականի հոկտեմբերի 2-ի նիստում քննեց Վրեժ Ս.-ի գանգատը և այն թողեց առանց բավարարման: Դատավճիռը թողնվեց անփոփոխ: