Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրության կապակցությամբ: Դա ընտրությունից հրաժարվելու հայտարարություն է: Ծառուկյանը երկու պատճառ է բերում՝ չեն հասցրել կազմել Երեւանի զարգացման փաստարկված ու լուրջ ծրագիր, եւ երկրորդ՝ նոր ուժերի համար ցանկանում են ստեղծել մրցակցային հնարավորություններ: Այսինքն՝ եթե Ծառուկյանը չի մասնակցում, նոր ուժերի համար առաջանում են լավ հնարավորություններ:
Նոր ուժերը տվյալ պարագայում Ելք դաշինքն ու Երկիր ծիրանի նորաստեղծ կուսակցությունն են: Երեւանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու են այս երկու նոր ուժերն ու ՀՀԿ-ն:
Ծառուկյանն իր հայտարարությունում չի մոռացել նաեւ ՀՀԿ-ին ու դրա ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին. «Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ», ասել է նա:
Ծառուկյանի այս հայտարարությունը ապտակ է Տարոնին ու շռայլ նվեր Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին: Բանն այն է, որ Ծառուկյանի մասնակցությունն ընտրություններին սովորաբար ապահովում է ՀՀԿ-ի բուֆերն ու «լեգիտիմ» մեծամասնությունը, մյուս ուժերին զրկելով ոչ միայն հնարավորություններից, այլեւ ձայներից: Ծառուկյանն այս անգամ հանում է այդ գործոնը եւ ՀՀԿ-ին մեն-մենակ թողնում այլ ուժերի հետ:
Հնարավոր է իհարկե, որ Ծառուկյանն օգտակարը համատեղում է հաճելիի հետ՝ Երեւանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելը թե ֆինանսական ավելորդ ծախս է, թե նաեւ խնդիր կարող է առաջանալ ստացած ձայների առումով: Բանն այն է, որ Ծառուկյանի հիմնական ընտրազանգվածը մարզերն են, իսկ Երեւանում նա կարող էր ԱԺ ընտրությանը ստացած տոկոսներին զգալի զիջող արդյունք ունենալ:
Հնարավոր է նաեւ՝ Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը «փորձարկում են» ապագայում համապետական ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմի սխեման փոխելու հնարավորությունը, իսկ Երեւանի ընտրությունը դրա ամենահարմար հարթակն է:
Իր հերթին, Սերժ Սարգսյանի համար այս իրավիճակն այլ խնդիր էլ կարող է լուծել: Երեւանի քաղաքապետի ընտրությունը սովորաբար հաջորդում է խորհրդարանի ընտրությանը, ինչը հնարավորություն է տալիս «լիցքաթափել» այդ ընտրության նստվածքը եւ որոշակիորեն «լեգիտիմացնել» այն:
Բացի այդ, Երեւանի ընտրությանը «հին» ուժերից մասնակցում է միայն ՀՀԿ-ն, որը մրցելով եւ հաղթելով նոր ուժերին, այդպիսով փորձելու է ցուցադրել իր «նոր ոգին» ու վերափոխումը:
Ինչ վերաբերվում է Ելքին ու Երկիր ծիրանի կուսակցությանը, ապա նրանց իրավիճակները տրամագծորեն հակառակն են: Եթե Զարուհի Փոստանջյանի կուսակցության համար քաղաքական հաջող նորամուտը կարող է դառնալ լավ ցատկահարթակ, Ելքի դեպքում քիչ ինչ այլ է: Դաշինքը խորհրդարանի ընտրությանն իր հաջողությամբ հայտնվել է բավական երկիմաստ իրավիճակում, երբ հանրային տարբեր շերտերից հնչում են հարցադրումներ եւ չեն ստացվում համոզիչ պատասխաններ:
Այս հանգամանքը կարող է սրվել Երեւանի ընտրությունների պարագայում եւ բավական ազդեցություն ունենալ դաշինքի հետագա ճակատագրի վրա: