Մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ և պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է երկու բազկաթոռ՝ մասնակի: Պայթյունի հետևանքով փլուզվել է խոհանոցի արտաքին պատը (12 քմ) և կախովի առաստաղից՝ 9 քմ հատված:

1964 թ. ծնված Ա. Ա.-ը և 1958 թ. ծնված Ս. Ս.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», ուր մեկնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի գլխավորությամբ: Բժիշկներն Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ս.-ինը՝ ծանր: