Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասինտեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Պարբերաբար բողոքներ ենք ստանում մեր բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ մասերում, խաչմերուկներում, երթևեկելի հատվածներում տեղադրված աղբամանների մասով: Հարցը պահեք մշտական հսկողության ներքո և քայլեր ձեռնարկեք մեր կողմից ներկայացված հարմարեցված հատվածների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: