Հին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։

Եթե պարսկական տիրապետության շրջանում Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, ապա ռուսական տիրապետության շրջանում կառուցվում են քրիստոնեական տաճարների թիվը շատանում է, իսկ մուսուլմանական մզկիթները՝ աստիճանաբար լքվում։

Դառնալով Հայկական մարզի, ապա համանուն նահանգի կենտրոն՝ Երևանը վերաբնակեցվում է հայերի նոր խմբերով, մեծանում, կառուցվում են նոր թաղամասեր։ Նախկին 3 թաղերի փոխարեն ստեղծվում են 7-ը՝ Հին թաղը, որից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղը, Կոնդը կամ Ծիրանի թաղը, որից առանձնանում է Ձորագյուղը, ինչպես նաև՝ Քարհանքը և Նորքը։ Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը։

Այդ ժամանակ Քանաքեռը, Ավանը և մի շարք այլ գյուղեր առանձին բնակավայրեր էին։ Երևանից դուրս էին գտնվում նաև Դալմայի այգիները։