«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Արբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է եւ նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաեւ չկայանալ, բայց այժմ դա չէ կարեւորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են եւ կլինեն, կարեւորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել եւս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում:

Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետեւյալ պատկերը կուրվագծվի.

Հայաստանում եւ Արցախում պետական տարբեր մակարդակներով ղարաբաղյան հարցով փակ եւ բաց քննարկուներ են տեղի ունենում:
Վերլուծաբանների եւ քաղաքագետների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Արցախ պատահական չէր, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել: Բնականաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները եւ բոոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում՝ ռազմական: Բացի սա, Հայաստանի խորհրդարանում վերջին շաբաթվա ընթացքում բաց եւ փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ-ն նախօրեին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունները եւ մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց: Այսօր էլ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Դաշնակցությունը կարեւոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն է ստանձնում՝ քարոզչական դաշտում համապատասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով:

Որոշակի գործընթացներ են տեղի ունենում ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայ-ռուսական ռազմական համագործակցության ոլորտում, եւ հակառակը՝ Հայաստանը երես է թեքում ՆԱՏՕ-ից:
Ապրիլյան պատերազից հետո Հայաստանից իշխանության մակարդակով լուրջ դժգոհություններ էին հնչում թե՛ ՀԱՊԿ-ի եւ դրա առանձին անդամ երկրների, եւ թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ուղղությամբ: Փոխարենը Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Բրյուսել կատարած այցով էականորեն ջերմացան Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակ Երեւանում տարբեր ՀՀԿ-ականներ ասուլիսներում եւ հարցազրույցներում հայտարարում էին, որ ՀՀ-ն անկախ եւ ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում այս կառույցների հետ ինչ հարաբերություններ հաստատի: Մի քանի օր առաջ Վրաստանում հայտնի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության աղմուկը մեկնաբանելով՝ այդ նույն ՀՀԿ-ականները մեծապես կարեւորում էին ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ մարտյան ջերմությունից հետք անգամ չէր մնացել:

Հայ-ադրբեջանական շփման գծում վտանգավոր «խաղաղություն» է տիրում:
Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Զինադադարի վերջին խոշոր խախտումը հուլիսի սկզբին էր Արցախի հարավարեւմտյան ուղղությամբ, որը միջազգային մեծ արձագանք ունեցավ, դատապարտող հայտարարություններ հնչեցին ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԽ համանախագահ պետությունների կողմից: Ադրբեջանի օրակարգում որեւէ փոփոխություն չի եղել, ուստի այսքան երկար թայմ աուտ վերցնելու համար Իլհամ Ալիեւը պետք է լուրջ պատճառ ունենար: Ավելի հավանական է, որ սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացումից, որին այդպես պատրաստվում են նաեւ Հայաստանում եւ Արցախում:

Թե ինչ կարող է տեղի ունենալ, իսկապես դժվար է պատկերացնել, հատկապես որ շահագրգիռ կողմերից որեւէ մեկը ինֆորմացիոն արտահոսքեր չի կազմակերպում, հարցազրույցներում թեման նրբորեն շրջանցվում է, եւ նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դիտորդական խմբի ուղղությամբ անցյալ շաբաթվա կրակոցները որեւէ արձագանք չունեցան: Շատ արագ թեման փակվեց: Ամենավտանգավորն այն է, որ նման խուլ եւ լարված իրավիճակները սովորաբար մեծ պայթյունով են ավարտվում: Եվ մնում է միայն հուսալ, որ այդ պայթյունը կլինի դիվանագիտական եւ ոչ թե մարտի դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում