Սահմանամերձ զորամասում ծառայող ստեփանավանցի Էրիկ Աբովյանը 2016թ.-ի դեկտեմբերի 29-ին զոհվել է Չինարի գյուղի մերձակայքում գտնվող դիրքերից մեկում՝ դիվերսիոն հարձակման ժամանակ:

Ինչպես որդիներին կորցրած բոլոր ընտանիքներում, Աբովյանները եւս փոքրիկ անկյուն են ստեղծել Էրիկի հիշատակին: Աչքս ընկնում է սեղանին դրված շքանշանին. ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից տղան հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

«Ինչի՞ս ա պետք իրանց մեդալը, որ երեխես կողքիս չի»,- հայացքս է կարդում հայրը՝ Գագիկ Աբովյանն ու նեղսրտում՝ որդու հետ այնքա՜ն նպատակներ ունեին. պետք է տունը նորոգեին, որդին պետք է ծրագրավորող դառնար...

Տան մի մասը կիսակառույց է, իսկ մի մասն այնքան հին, որ հիմնանորոգման կարիք ունի: Գագիկի խոսքով եկել, ուսումնասիրել են տան վիճակը, խոստացել, որ կօգնեն, բայց մինչեւ հիմա նորություն չկա:

Որդուն կորցնելուց հետո հոր առողջական վիճակը վատացել է: Էրիկի մայրը ժամանակավորապես տեղափոխվել է Երեւան՝ աշխատելու: Չնայած առողջական վիճակին, հայրը պատրաստ է աշխատել, եթե միայն նման հնարավորություն լինի:

«Առանց գործ նստած եմ, ո՞վ եկավ, ասեց՝ աշխատանք կա, արի գնա աշխատի: էն ժամանակ գոնե դուրս էինք գնում, դրսում աշխատածը բերում, մեր ընտանիքները պահում»:

Հարազատներին այսօր ոչինչ չի սփոփում: «Ցավն իմն ա, ոչ մեկն էլ չի հասկանում էդ ցավը»,- հրաժեշտից առաջ ասում է հայրն ու շարունակում անվերջ խոսել որդու մասին, հիշելով ու պատմելով անդրանիկ որդու հետ կապված ամեն մանրուք: