Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության (ԴԱԾ ՍՎ) աշխատակիցները հայ-թուրքական սահմանին երկու սահմանախախտի են ձերբակալել:

Ինչպես հայտնում է ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի մամուլի ծառայությունը, ծառայության ընթացքում սահմանապահ ջոկատը Թուրքիայի տարածքում երկու անհայտ անձ է նկատել, որոնք մտադիր էին լողալով անցնել Արաքս գետը:


Մի քանի ժամ անց անհայտ անձինք անցել են գետի վրայով անցնող պետական սահմանը եւ փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում՝ Արտաշատի ուղղությամբ:

Կարճ տեւած հետապնդման արդյունքում խախտողները ձերբակալվել են: Ձերբակալման ընթացքում նրանք փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն վնասազերծվել են սահմանապահների կողմից:

Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն պետական սահմանի խախտման նպատակներն ու դրդապատճառները: