Երևանի նախկին իշխանությունները նախկինում հաշվի չեն առել քաղաքացիների լավ առաջարկությունները, որովհետև այն, ինչ լավ էր քաղաքի զարգացման համար, վատ էր իրենց բիզնեսների համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Երևանի ավագանին քննարկում է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Մարությանն ասաց, որ քաղաքացիներին, ՀԿ-ներին, ձեռնարկատերերին հրավիրել են, ընդունել են նրանց առաջարկությունները:

«Բոլորը եկել են, արել են առաջարկներ, իրենց առաջարկներն արդեն իսկ տեղ են գտել այս մինչև վերջ չմշակված փաստաթղթի մեջ: Իսկ մարտին պետք է մինչև վերջ մշակվի բյուջեն, մինչ այդ երեք ամիս ժամանակ է լինելու, բոլորը գալու են մասնակցեն, բոլորի ձայնը լսելի է լինելու: Եվ բոլոր լավ առաջարկները հաշվի էին առնվելու: Իսկ ինչո՞ւ չէր արվում դա առաջ, շատ պարզ պատասխան կա՝ որովհետև առաջ այն առաջարկը, որը լավ էր քաղաքի համար, վատ էր ինչ-որ մեկի բիզնեսի համար: Տրանսպորտային համակարգի բարեփոխումներն այսքան երկար ինչո՞ւ են ձգվել, որովհետև մարդիկ գծեր են ունեցել, գծատերեր են եղել, իրենց ձեռք չի տվել, որ նոր համակարգ լիներ: Իսկ մեզ ձեռք է տալիս, որ օր առաջ այդ համակարգը լինի, որովհետև ոչ մի կապ չունենք որևէ համակարգի հետ»,- ասաց Հայկ Մարությանը: