«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

««Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով.

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները:
Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի։

Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք, առաջիկա օրերին «Սանիթեք» ընկերությունը կհրավիրի աննախադեպ մաշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով: Ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հուզող հարցերին»: