CNN-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների քսանյակում, ուր, աղբյուրի գնահատմամբ, շատ փոքր թվով զբոսաշրջիկներ են այցելում:

Աղբյուրը հայտնում է, որ Եվրոպական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վենետիկը, Փարիզն ու Ամստերդամը, որտեղ ամեն քայլափոխի կարելի է խառնվել ամբոխի ու ինքնանկար անող մեկ այլ զբոսաշրջիկի հետ՝ սա այլընտրանք է՝ բացահայտելու այլ քաղաքներ ու, միևնույն ժամանակ, լավ ժամանցի համար:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Եվրոպայի հեռավորարևելյան հատվածում տեղակայված լինելով՝ Երևանը շատ հաճախ մոռացվում է զբոսաշրջային ալիքի մեջ հայտնված մարդկանց շրջանում: Միևնույն ժամանակ, որպես դրա հակակշիռ, ներկայացնում է քաղաքի 2800 տարի ձգվող պատմությունն ու անցյալի ներկայությունը:

Հոդվածագիրն անդրադառնում է քաղաքի ճարտարապետությանը՝ նշելով, որ այստեղ առկա բազմաշերտ ճարտարապետական կառույցների մեջ կան յուրօրինակ ու արվեստի մասնիկ համարվող մինչև Խորհրդային Միությունից ժառանգած շենքեր:

Նշվում է, որ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայ Առաքելական եկեղեցուն ու այցելել Էրեբունի պատմահնագիտական թանգարան, որտեղ կարելի է ծանոթանալ դեռևս մ.թ.ա 782 թվականին հիմնված քաղաքի պատմությանը:

Աղբյուրի ցուցակում տեղ են գտել նաև աշխարհի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Թբիլիսին (Վրաստան), Անկարան (Թուրքիա), Մինսկը (Բելառուս), Պլովդիվը (Բուլղարիա), Թուրինը (Իտալիա), Դեբրեցենը (Հունգարիա), Կլյու- Նապոկան (Ռումինիա), Վրոցլավը (Լեհաստան), Բեռնը (Շվեյցարիա) և այլն: