2023 թվականի հուլիսը եղել է Երկրի վրա երբևէ գրանցված ամենաշոգ ամիսը, երեքշաբթի օրը հաղորդել է Եվրոպական միության կլիմայական ուսումնասիրությունների «Կոպեռնիկուս» կենտրոնը։

Նշանավորվելով ամբողջ աշխարհում ջերմային ալիքներով և հրդեհներով՝ նախորդ ամիսը 0,33 աստիճանով գերազանցում էր 2019 թվականի հուլիսին գրանցված ռեկորդը, երբ միջին ջերմությունը Ցելսիուսով 16,63 աստիճան էր (32 աստիճան Ֆարենհեյթով):

«Այս ամիսը 0,72 աստիճանով ավելի տաք էր, քան 1991-2020 թվականների հուլիսի միջինը։ Ջերմային ալիքներ են նկատվել Հյուսիսային կիսագնդի շատ շրջաններում, այդ թվում՝ Հարավային Եվրոպայում: Միջինից բավականին բարձր ջերմաստիճաններ են նկատվել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում և Անտարկտիդայի մեծ մասում», - նշվում է «Կոպեռնիկուսի» ուսումնասիրությունում:

Գիտնականներն ավելի վաղ զգուշացրել էին, որ հուլիսին կարող է նոր ռեկորդ սահմանվել:

Համաշխարհային օվկիանոսը նույնպես ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանել՝ մտավախություն առաջացնելով մոլորակի կլիմայի, ծովային բնաշխարհի և ափամերձ բնակավայրերի վրա կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:

Հուլիսի 30-ին օվկիանոսներում մակերևութային տաքությունը բարձրացել է մինչև 20,96 աստիճան Ցելսիուսով (69,7 աստիճան Ֆարենհեյթով):

Նախորդ ռեկորդը եղել է 20,95°C 2016 թվականի մարտին, AFP-ին ասել է «Կոպեռնիկուս» կենտրոնի ներկայացուցիչը: