Այսօր գրեթե ամբողջ աշխարհում մեծ շուքով նշվում է աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Տոնի նախապատմությունը հասնում է մինչև 19-րդ դարի վերջը:

1889 թվականին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշում կայացրեց միավորել միջազգային պրոլետարիատը, որպեսզի այն կարողանա պայքար մղել իր իրավունքների և ազատությունների համար: Առաջնային նպատակն էր 8 ժամյա աշխատանքային օրվա ապահովումը: Կոնգրեսի որոշման համաձայն նշանակվեց մի օր, երբ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում բանվոր դասակարգը իշխանություններին պետք է ներկայացնի իր պահանջները:

Արդեն1886 թվականի մայիսի մեկին բանվորական հուզումներ էին եղել ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում ՝ Չիկագոյում: Բանվորների բողոքի ակցիաների, զանգվածային ցույցերի ընթացքում տեղի ունեցան լուրջ բախումներ ոստիկանության հետ: Այդ իրադարձությունների արդյունքում շատերը ձերբակալվեցին, դատապարտվեցին երկարատեւ բանտարկության, իսկ կազմակերպիչները մահվան դատապարտվեցին:

Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: