Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: ԿԸՀ–ն փոփոխությունների մասին որոշումը չհաստատեց, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ փոփոխության նախագիծը այդ պայմանով: Իսկ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր, որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում:

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

Նա մեջբերեց Դավիթ Հարությունյանից ստացված պատասխանը, ըստ որի՝ Կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: