1.
Երբ Ռոբերտ Քոչարյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ժողովրդի մի ստվար հատված հույս ուներ, թե Արցախից եկած պատերազմոտ նախագահը կվերափոխի երկիրը, հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք արտահայտեցի.

- Մեր բարձրագույն ղեկավարներին սպասվում է երկու ուղի՝
ա/. ժողովուրդը հմայվում է նրանով մի քանի ամիս, ապա սկսում տրտնջալ, արհամարհել,
բ/. ժողովուրդը տրտնջում է առաջին մի քանի ամիսներին, ապա սկսում հմայվել նրանով:

Իսկ նման միտք-բանաձևը տևական ուսումնասիրությունների արդյունք էր: Բանն այն է, որ մեր իրականությունը խճողված է, վերջին 1000 տարում ձևավորված բացասական հատկանիշների համակարգը ձևավորել է հասարակական հարաբերությունների մի տեսակ, որը մեզ պահում է անդունդի հատակին:

Իրավիճակը փոխելու միակ ուղին այդ համակարգը փշրելն է, հասարակական նոր հարաբերություններ կառուցելը: Դա ցավոտ գործընթաց է ինքնին, այն դիպչելու է անխտիր բոլորի առօրեական շահերին, բոլորը տրտնջալու են, սակայն հասարակական նոր հարաբերություների հաստատումից հետո ամենքը զգալու են դրական փոփոխությունները և օրհնելու են նախաձեռնողին:
Ռոբերտ Քոչարյանը գնաց ա/ ճանապարհով:

2.
Դա թերևս Երրորդ հանրապետության կյանքում վերջին դեպքն էր, երբ բարձրագույն պաշտոնյայի գալով ժողովրդի զգալի հատվածի մոտ փոփոխությունների հույսեր էին առաջացել: Այնպես, որ բոլոր բարձրագույն պաշտոնյաների /նախագահ, խորհրդարանի խոսնակ, վարչապետ/ ընթացքը եղել է նույնը՝ անտարբերություն, ապա՝ տրտունջ:

Ու հիմա եկել է նոր վարչապետ: Եկել է դրսից, ու ոմանց մոտ փոփոխությունների հույսեր են արթնացել, հատկապես որ Կարեն Կարապետյանը ակնհայտորեն կապված չէ իշխանական և մերձիշխանական խմբավորումների հետ:

Եվ ո՞րն է լինելու Կարեն Կարապետյանի ճակատագիրը:

Նախ այն փաստը, որ նա համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը, բոլորովին լավ չի խոսում իր մասին: Հարցն այն է, որ նախորդ տասներեք վարչապետների գահավիժման պատճառները հանգամանալից ուսումնասիրելուց հետո դժվար թե իր մոտ ցանկություն առաջանար ստանձնել այդ պաշտոնը, քանի որ այդ դեպքում իր համար ակնհայտ կդառնար, որ անկման հավանականությունը 99,99 տոկոս է:

Այսինքն, Կարեն Կարապետյանը ըստ ամենայնի բավարար տեղեկացված չէ հայաստանյան անդրկուլիսային իրողություններից:

3.
Մեր վարչապետների գահավիժման գլխավոր պատճառներից մեկը գործողությունների բավարար ազատություն չունենալն է: Այդ սահմանափակումները գալիս են Բ-26-ից, տնտեսական խմբավորումներից, քաղաքական դաշտից: Հենց միայն նոր կառավարության հրապարակված կազմը վկայում է այդ սահմանափակումների մասին: Որևէ կասկած չունեմ, որ եթե Կարեն Կարապետյանն իսկապես մտադիր է փոփոխություններ անել երկրում, ապա նա բավարար ազատություն ունենալու դեպքում կառավարության հին կազմից գլխովին կազատվեր: Սակայն նայեք կառավարության կազմին, և ակնհայտ կդառնա կադրերի ընտրության հարցում վարչապետի անազատությունը: Ես չեմ բացառում, որ հին կադրերի առջև նոր խնդիր դնելու դեպքում նրանք նոր վարք կդրսևորեն, սակայն շատ ավելի դյուրին է փոփոխություններն իրականացնել հին կապերով չկաշկանդված նոր կադրերով:

Կառավարության նոր կազմը նաև ցուցանում է վարչապետի՝ հայաստանյան իրողություններին անտեղյակ լինելը, այլապես լուծման սպասող ահռելի խնդրի ծանրությունը կհարկադրեր կառավարության կազմում ընդգրկել խարիզմա, դրական ճանաչում ունեցող, ոգու ակնհայտ ուժ կրող անհատների:

Ինչպես ասացի վերևում, հաջողելու գաղտնիքը արմատական բարեփոխիչ քայլերով առաջին ամիսներին ժողովրդին ցնցելու, նրա տրտունջը հարուցելու մեջ է, որը մեծ փոփոխությունների նախապայմանն է: Բայց կառավարության նոր կազմը ոչ թե ցնցումի սպասում է առաջացնում մարդկանց մոտ, այլ՝ անտարբերություն: Սա արդեն գահավիժման հայտանիշ է: Այս պարագայում գահավիժումից փրկվելու մի տարբերակ կա միայն. եթե վարչապետն ունենա բոնապարտյան անսահման եռանդ, ոգու և կամք:

Ունի՞ Կարեն Կարապետյանը այդ հատկանիշները:

Պեպանյան Արծրուն