Դեկտեմբերի 3-ին կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ի թիվս այլ հարցերի, ԲՀԿ քաղխորհուրդն անդրադառնալու է նաև կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին:

«Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք քննարկվելու է Գագիկ Ծառուկյանի հավանական քաղաքականություն վերադառնալու հարցը, ապա, եթե անկեղծ լինենք, այդ թեման քննարկվում է երկրի բոլոր քաղաքական կառույցներում և ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում»,-գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամը:

Ըստ Էնֆիաջյանի՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին:

«Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց, և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու փոքր և խոշոր համայնքներ, որի ընթացքում հստակեցնելու ենք ժողովրդի կողմից մեծ վարկանիշ ունեցող այն անձանց ցանկը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից ներառվելու են ռեյտինգային ցուցակում»,-գրել է նա։