Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցած տարիների աշխատանքը գնահատում է բավարար:

Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Տարոն Մարգարյանի հետ աշխատանքի փորձ ունի եւ նախորդ տարիներին նա կատարել է իր պահանջների գրեթե 30 տոկոսը, որն ըստ Բախշյանի, շատ քիչ է:

«Ես աշխատել եմ Տարոն Մարգարյանի հետ, մենք իրար փշերը լավ տրորել ենք, հիմա էլ շարունակելու ենք տրորել հանուն երեւանցու»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր մասնակցելո՞ւ է քաղաքապետի երդմնակալության արարողությանը, Բախշյանը հստակ պատասխան չտվեց. «Ես եկել եմ աշխատանքի, եւ սա եւս մտնում է իմ աշխատանքի մեջ: Երդմնակալության արարողությանը մասնակցել-չմասնակցելը կարեւոր չեմ համարում»:

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ սա ավագանու երկրորդ նիստն է ու թեեւ արարողակարգային բնույթ է կրում, բայց իրենց խմբակցությունը մասնակցելու է: