Ընդհանրապես պատմությունն ուսումնասիրելը բավականին հետաքրքիր է: Սակայն ուսումնասիրելու և մասնագիտական հետաքրքրություններդ բավարարելու հետ մեկտեղ հասկանում ես, որ այն նաև բավականին կարևոր է: Ուսումնասիրելու ընթացքում հասկանում ես, որ մեր խնդիրների մի զգալի մասը գալիս է մեր սեփական պատմությունը չիմանալուց և հստակ գնահատականներ չտալուց: Օրինակ Երևանում կա Սարգիս Կասյանի անունը կրող փողոց: Իսկ ո՞վ է եղել Կասյանը:
Սարգիս Կասյանը Առաջին Հանրապետության մեջ գործող բոլշևիկյան հակապետական 5-րդ շարասյան ամենակարկառուն ներկայացուցիչներից էր, որը իր մնացած կուսակիցների հետ մեկտեղ ամեն ինչ անում էր երկիրը ժամ առաջ ռուսներին հանձնելու համար: Ճիշտ այնպես ինչպես այսօր անում է մեր քաղաքական համակարգը: Նա այն բոլշևիկներից էր, ովքեր 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից խորհրդային զորամիավորումների գլխավորությամբ մտան Հայաստան, որի արդյունքը եղավ 1920թ.դեկտեմբերի 2-ը: Ահա նրա և իր ընկերների գրածներից մի հատված «....Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի պարտությունը: Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով...»
Հ.Գ. Քանի դեռ այս երկրում պատմության գրքեր կկեղծվեն, քանի դեռ այստեղ չի տրվի մեր վերջին 2-3 հարյուր տարիների պատմության հստակ գնահատականը, հայ հասարակության մի զգալի հատվածի մոտ պետականության հանդեպ ընկալումները կշարունակեն լինել «Դե առանց ռուսի մենք ոչինչ ենք» մակարդակի:
Դավիթ Ֆիդանյան