ԱՄՆ-ում Օդաբաշյաններ ամուսինները՝ ապրելով ԱՄՆ-ում Հայաստանի համար ամենադժվար պահին ստեղծել են «Buy Armenian» հարթակը, որը, ըստ էության, «հայկական Ամազոնն» է։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմել է «Հալեպ» բրենդի համահիմնադիր Ալին Մասվելյանը։ «Նրանք իրենց սերն այդպես են արտահայտել Հայաստանի նկատմամբ, ավելին՝ հարթակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն իրոք շատ վատ վիճակում էր՝ համավարակ, շրջափակում, պատերազմ, կորուստ։ Այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ասել է Ալինը։


Նշենք, որ «Հալեպ»-ն այն ընկերություններից մեկն է, որը դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում մասնակցելու է «Buy Armenian» ընկերության և «Standing Our Families» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառին, որի ընթացքում հայկական ընկերությունները հնարավորություն են ունենալու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքները։


Ըստ Ալին Մասվելյանի՝ «Buy Armenian»-ը ամենամեծ օգնությունն է եղել փոքր ու միջին բիզնեսի համար։ Նա պատմել է․ «Հալեպի և «Buy Armenian»-ի համագործակցության օրինակը շատ հաջողված է։ Մենք ունենք 10 հազարից ավելի ապրանքատեսակ և 7 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանել ենք 17.5 տոննա ապրանք։ Սա այնպիսի հաջողություն է, որը պետք է ոգևորի մարդկանց։ Կարևորը ցանկությունն է և դրված նպատակներին անպայման հնարավոր է հասնել»։


«Հալեպ» ընկերությունից բացի սուրբ ծննդյան տոներին ընդառաջ իրականացվող «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասնակցության տաղավարներ են արդեն իսկ ամրագրել տասնյակ ընկերություններ, որոնցից են՝ Կեռաս, Մանե թայլզ, Միսմա, Անթառամ, Արցախ կարպետ և մի շարք այլ բրենդներ։ Այս նախատոնական միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։


Կազմակերպիչները մեզ հետ զրույցում ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected]  էլեկտրոնային հասցեին։