Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է «Մեծ քսանյակում» Աֆրիկյան միության ընդգրկումը ողջունելու հնարավորությանը։ Այս մասին Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Նա նշել է, որ ընդլայնված կազմակերպությունից չի ակնկալում արագ որոշումների ընդունում համաշխարհային բոլոր խնդիրների վերաբերյալ։ Բայց եւ այնպես, ԵՄ ներկայացուցիչը «քսանյակում» նոր անդամների ընդգրկումն անվանել է կարեւոր քայլ տարբեր հակամարտությունների կարգավորման ճանապարհին։


«Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է որպես «Մեծ քսանյակի» մշտական անդամ Աֆրիկյան միությանը ողջունելու հնարավորությանը»,- ընդգծել է Միշելը։

Նա նաեւ ավելացրել է, որ ԵՄ երկրները մտադիր են աջակցություն հայտնել Ուկրաինայի իշխանություններին G20-ի գագաթաժողովի ընթացքում։ Ավելին, տարածաշրջանային հանրույթը ցանկանում է այս ֆորումն օգտագործել որպես «պարզություն մտցնելու եւս մեկ առիթ» Մոսկվայի գործողությունների հանդեպ եվրոպական պետությունների վերաբերմունքի հարցում։