«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ Վերին Լարսի անցակետի հետևանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Վերջիներս արդեն 15 օր համեմատաբար փոքր մեքենաներով «լռված են» Վրաստանի ճանապարհներին:
Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթր՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը, լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել:
Իսկ այդ ընթացքաում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի:
Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո:
Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողները զգալի վնասներ են կրելու: Խոսքը մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ մլն դոլարի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: